Մարտուն Գրիգորյանը ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Գյումրի համայնքի ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողով: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին ԿԸՀ-ից:
Հանձնաժողովը գրանցումն ուժը կորցրած է ճանաչել, այսպիսով՝ Մարտուն Գրիգորյանն ավագանու անդամության ինքնաբացարկ է հայտնել:
Ընտրությունները Գյումրիում
Գյումրիում մարտի 30–ին տեղի ունեցան Ավագանու արտահերթ ընտրություններ։
Ըստ ԿԸՀ-ի տվյալների, ընտրողների ռեգիստրում ընդգրկված 111271 քաղաքացիներից 82 ընտրատեղամասերում քվեարկությանը մասնակցել է 47443 մարդ։ Անվավեր է ճանաչվել 624 քվեաթերթիկ։
Գյումրիում ձայները բաշխվել են հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր» (Սարիկ Մինասյան)՝ 17183 ձայն, «Հայաստանի Կոմունիստական կուսակցություն» (Վարդան Ղուկասյան)՝ 9.727, «Մեր քաղաքը» դաշինք (Մարտուն Գրիգորյան)՝ 7 380 «Իմ հզոր համայնք» (Ռուբեն Մխիթարյան)՝ 3734, «Մայր Հայաստան» դաշինք (Կարեն Սիմոնյան)՝ 2.902, «Եվրադաշինք» (Լևոն Բարսեղյան)՝ 2111 մարդ, «Ապրելու երկիր» կուսակցություն (Կարեն Մալխասյան)՝1694, «Դեմոկրատական այլընտրանք» (Արտյոմ Ղարաղազարյան)՝ 1406 մարդ, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը (Արտյոմ Թումանյան)՝ 651։ Նշվում է, որ 5 քաղաքական ուժեր հատել են անցողիկ շեմը, դրանք են «Քաղաքացիական պայմանագիրը», «Մայր Հայաստանը», Կոմունիստական կուսակցությունը, «Մեր քաղաքը» և «Իմ հզոր համայնքը»։
Մարտի 31–ին «Մայր Հայաստան» դաշինքն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը հայտարարել են, որ միանում են ընդդիմությունից ամենաշատ ձայն հավաքած Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանին։ Վերջինս հայտարարել է, որ սպասում է Մարտուն Գրիգորյանի պատասխանին՝ ընդդիմադիր դաշտը համախմբելու նպատակով։ Ապրիլի 4–ին Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ ‹‹Մեր քաղաքը›› դաշինքը կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։