Միջանցքի հարցը փակվել է, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է. Իրանի ԱԳ նախարարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերի մասին
Իրանի ԱԳ նախարարն ասել է հետևյալը. «Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններին, պետք է ասել, որ մենք բազմիցս քննարկումներ ենք ունեցել նրանց հետ։ Վաղը ինձ կզանգահարի Հայաստանի արտգործնախարարը։ Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանը նույնպես հեռախոսազրույց կունենա իր իրանցի գործընկերոջ հետ, իսկ երեքշաբթի օրը նախատեսված է Հայաստանի փոխարտգործնախարարի այցը Թեհրան։ Մենք կողմերի հետ անընդհատ խորհրդակցությունների մեջ ենք։
Զանգեզուրի և բարձրացված հարցերի վերաբերյալ մեր դիրքորոշումը լիովին պարզ է. մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղություն, և մենք նախկինում հայտարարել ենք մեր պատրաստակամության մասին՝ համագործակցել և օգնել երկու երկրների միջև խաղաղության գործընթացին։
Տարածաշրջանի վերաբերյալ մեր դիրքորոշումները նույնպես պարզ են. մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանի բոլոր երկրները լիակատար ինքնիշխանություն պահպանեն իրենց տարածքների նկատմամբ և աջակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը։
Մենք նաև պաշտպանում ենք միջազգային սահմանները և չենք ընդունում դրանց որևէ փոփոխություն։ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը ներառում է հետևյալ երեք սկզբունքները՝ տարածաշրջանի երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանք, տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք և սահմանների ցանկացած փոփոխության անընդունելություն։
Սրանք բացարձակապես համապատասխանում են Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումներին։ Միջանցքի հարցը լիովին փակվել է, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ այդ երկրի տարածքում։
Այս նախագիծն իրականացնելու է հայ-ամերիկյան ընկերություն, որը գրանցվելու է Հայաստանում և գործելու է այդ երկրի օրենքներով։
Իհարկե, ինչպես նշվել է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ներկայություն, ցանկացած ձևով, կարող է բացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար։
Մենք միշտ բարձրացրել ենք այս հարցը ադրբեջանական և հայկական կողմերի հետ և վերահաստատելու ենք այն։ Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին։
Մինչ այժմ մեր սկզբունքային դիրքորոշումները հարգվել են, բայց ամերիկյան ընկերության հնարավոր ներկայությունը մտահոգության տեղիք է տալիս, մենք կշարունակենք այս հարցով մեր խորհրդակցությունները»:
Օգոստոսի 9–ին Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթին Tasnim–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը դեմ է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, որը կանցնի Հայաստանի տարածքով և կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ, և կարգելափակի ամերիկյան միջանցքը Կովկասում։ Նա նաև նշել է, որ հայ ժողովուրդը նույնպես կտրականապես դեմ է միջանցքի ծրագրին, քանի որ այն կհանգեցնի երկրի մասնատմանը։ Վելայաթիի խոսքով, Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի միջև կապը կարող է իրականացվել Իրանի միջոցով։
Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։
Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։