Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Միրզոյան. ամերիկացիները չեն վերահսկելու TRIPP-ի շրջանակում Հայաստանով անցնող ճանապարհի հատվածը, վերահսկողությունն ու անվտանգությունն ապահովելը ՀՀ գործառույթներն են

28.08.2025, 12:02
Որևէ երրորդ կողմ չի իրականացնելու վերահսկողություն այս հատվածում, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարը
Միրզոյան. ամերիկացիները չեն վերահսկելու TRIPP-ի շրջանակում Հայաստանով անցնող ճանապարհի հատվածը, վերահսկողությունն ու անվտանգությունն ապահովելը ՀՀ գործառույթներն են

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/ԱՌԿԱ/.   Ամերիկացիները չեն վերահսկելու ճանապարհի այն հատվածը, որը անցնում է Հայաստանով «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախագծի շրջանակում, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ոչ մի երրորդ կողմ չի իրականացնելու վերահսկողություն այս հատվածում։ Վերահսկողությունն ու անվտանգությունն ապահովելը  ՀՀ գործառույթներն են, և սա չի վիճարկվում», - ասել է նա ՀՀ հանրային հեռուստատեսության եթերում։

Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ համաձայնության չեն հասել։ «Մենք փորձում ենք Հայաստանը վերածել համագործակցության վայրի, այլ ոչ թե շահերի բախման, և երկրում ստեղծել համապատասխան մթնոլորտ։ Խաղաղությունը թղթի վրա չէ։ Մենք դա զգում ենք այսօր։ Ենթակառուցվածքների ապաշրջափակման առումով մենք սահմանել ենք այն սկզբունքները, որոնց շրջանակում պետք է տեղի ունենա ապաշրջափակումը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն։ Վաշինգտոնի հռչակագիրը նախատեսում է, որ Հայաստանը և Միացյալ Նահանգները պետք է հիմնեն TRIPP ծրագիրը», - նշել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ երկու կողմերը պետք է փոխադարձաբար համաձայնության գան ընտրելու մեկ այլ երրորդ գործընկեր՝ ընկերություն, որը կիրականացնի շինարարությունը և կիրականացնի կառավարում, այլ ոչ թե վերահսկողություն։

«Մենք այլ բանի շուրջ համաձայնության չեկանք։ Հուսով ենք, որ շուտով ԱՄՆ-ից պատվիրակություն կժամանի, և մենք կունենանք գաղափարներ ու առաջարկներ։ Հուսով եմ, որ մենք արագ կկարողանանք փոխադարձ համաձայնության գալ նախագծի իրականացման մեխանիզմների վերաբերյալ», - ասել է Միրզոյանը։

Վաշինգտոնյան հռչակագրի մասին

Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։

Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։