Միրզոյանն ու Ռուբիոն հաստատեցին համատեղ հայտարարությունը TRIPP ծրագրի իրականացման շրջանակում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիեն հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որն ըստ պայմանավորվածության կհրապարակվի Վաշինգտոնի ժամանակով ժ. 17:00-ին (Երևանի ժամանակով 02:00)։
Այս մասին հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ Միրզոյանն ու Ռուբիոն քննարկել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Երկուստեք ընդգծվել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի կարևորությունն ու անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ քայլերին։
Ռուբիոն հայտարարել է․ «Այսօր մենք ստորագրելու ենք, կամ ավելի շուտ, շարունակելու ենք աշխատել TRIPP նախագծի իրագործման ուղղությամբ, որը մեր կարծիքով, համագործակցության հիանալի օրինակ է»։
««Այն բացում է Հայաստանը բիզնեսի համար, թույլ է տալիս տնտեսապես բարգավաճել և որևէ կերպ չի ոտնահարում Հայաստանի ինքնիշխանությունը։ Սա համագործակցության հիանալի օրինակ է։ Եվ սա նաև շարունակական միջոց է՝ կառուցելու մեր երկկողմ հարաբերությունները մեր երկրների միջև, որոնք շատ ամուր են և շարունակում են ամրապնդվել այս համաձայնագրերի միջոցով՝ եռակողմ պայմանավորվածությունից դուրս», – Ռուբիոյի խոսքերը մեջբերում է Հանրային հեռուստաընկերությունը։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով, ամերիկյան կողմը կարծում է, որ եռակողմ պայմանավորվածությունն իսկապես դառնալու է օրինակ աշխարհի համար, թե ինչպես կարելի է բացվել տնտեսական գործունեության և բարգավաճման համար՝ որևէ կերպ կասկածի տակ չդնելով կամ չխաթարելով ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
«Վստահ ենք, որ դա հիանալի է լինելու Հայաստանի համար, հիանալի է լինելու Միացյալ Նահանգների համար, հիանալի է լինելու բոլոր ներգրավված կողմերի համար, բայց ի վերջո՝ ծառայելու է որպես օրինակ աշխարհի համար։ Մենք հանձնառու ենք և այսօր կարևոր քայլեր ենք ձեռնարկում՝ այս ուղղությամբ առաջ շարժվելու համար»,-նշել է նա։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ հունվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի ԱՄՆ-ում։ Նախատեսվում է հանդիպում Ռուբիոյի հետ և TRIPP-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն:
TRIPP–ի մասին
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։
Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։