Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

ՀՀ պաշտպանության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրադրությունը

05.08.2014, 10:29
Օգոստոսի 4-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրադրությունը:
ՀՀ պաշտպանության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրադրությունը
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 4-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրադրությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, թե՛ Օհանյանը, թե՛ Հեֆերնը խորը մտահոգություն են հայտնել վերջին շրջանում լարվածության սրացման վերաբերյալ և դիտարկել են իրավիճակը լիցքաթափելու ուղիները՝ նախևառաջ Մինսկի խմբի գործընթացի միջոցով:

Դեսպան Հեֆերնն իր ցավակցություններն է փոխանցել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին և կոչ արել լիցքաթափել իրավիճակը բոլոր կողմերին:

Վերջին օրերին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-