Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումը հարթակ կդառնա ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմների կատարելագործման համար. Սարգսյան

22.04.2015, 11:01
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի ներկայացուցչական կազմը վստահություն է ներշնչում, որ այն կվերածվի հանցագործությունների հանցագործության` ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների մշակմանն ու կատարելագործմանն ուղղված համընդգրկուն քննարկումների կարևոր հարթակի, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ֆորումի բացման ժամանակ։
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումը հարթակ կդառնա ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմների կատարելագործման համար. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի ներկայացուցչական կազմը վստահություն է ներշնչում, որ այն կվերածվի հանցագործությունների հանցագործության` ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների մշակմանն ու կատարելագործմանն ուղղված համընդգրկուն քննարկումների կարևոր հարթակի, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ֆորումի բացման ժամանակ։

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա ֆորումն անցկացվում է  Երևանում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ֆորումին մասնակցում է տարբեր երկրներից ավելի քան 600 ներկայացուցիչ։

«Վստահ եմ, որ այստեղ հնչած ելույթները, ներկայացված տեսակետները կստանան լայն միջազգային արձագանք, ինչն անգնահատելի նշանակություն կարող է ունենալ հիմնախնդրի վերաբերյալ համաշխարհային իրազեկվածությունը բարձրացնելու գործում», – ընդգծել է նախագահը։

ՀՀ նախագահը նաև նշել է, որ վերջին շրջանում միջազգային կազմակերպությունների օրակարգը, փոքր և մեծ պետությունների դիվանագիտական ջանքերը, միջազգային մամուլի առաջին էջերը զգալի չափով ուղղված են մարդկության առջև ծառացած կարևորագույն մարտահրավերներից մեկին։

«Խոսքը ժամանակակից քաղաքակրթության բնօրրանում` Մերձավոր Արևելքում, ծայրահեղականության և անհանդուրժողականության աճի մասին է, որը հանգեցրել է տարբեր փոքրամասնությունների դեմ բռնությունների, որոշ վայրերում՝ նաև ցեղասպան դրսևորումների ի հայտ գալուն», – ասել է նա։

Նախագահն ընդգծել է, որ միջազգային հանրության համար սա հերթական ահազանգն է առ այն, որ ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների վտանգն ամենևին չի վերացել և պահանջում է միջազգային կառույցների, պետությունների և քաղաքացիական հասարակության համախմբված և հետևողական քայլեր:

Գլոբալ ֆորումի շրջանակում կկազմակերպվի մի քանի նիստ։

«Միջազգային իրավունքում մարդկության հանդեպ հանցագործությունների կանխարգելման միջոցների զարգացում» առաջին նիստի շրջանակում կքննարկվի միջազգային իրավունքում «մարդկության հանդեպ հանցագործության» կանխարգելման հայեցակարգի պատմական զարգացման գործընթացը և դրա զարգացման հնարավոր հեռանկարները։

Պատասխանատվության խնդիրներն ու ցեղասպանության հետևանքների վերացումը» խորագրով երկրորդ նիստի շրջանակում կքննարկվեն պատասխանատվությանը, փոխհատուցմանը, իրավունքի և չկրկնվելու երաշխիքների վերականգնմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև այսօրվա դրությամբ գոյություն ունեցող դրական փորձն ու չլուծված խնդիրները։

Ֆորումի աշխատանքի երկրորդ օրը կկազմակերպվի «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» լիագումար նիստը։

Ֆորումի համանախագահներն են հայտնի ֆրանսիացի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը, ՌԴ Դաշնության խորհրդի հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, բարոնուհի Քերոլայն Քոքսը (Մեծ Բրիտանիա)։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգները, ինչպես նաև` Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0–