Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մի շարք երկրների ղեկավարների հետ

12.07.2018, 21:17
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հուլիսի 12-ին ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մի շարք երկրների ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հուլիսի 12-ին ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, վարչապետը հանդիպել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի, Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։

Նա նաև հանդիպել է Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես-Պերես Կաստեխոնի, Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևի, Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: 

Կառավարության ղեկավարը վերը նշված պետությունների ղեկավարների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վերահաստատել է իր մասնակցությունն աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին և նշել, որ Հայաստանում եղել է դեռևս 1988 թվականին՝ հոր հետ ու մեր երկրի հետ կապված ունի լավ և դրական հիշողություններ: 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը վարչապետ Փաշինյանին հրավիրել են իրենց երկրներ: Նրանք կարևորել են Հայաստանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնումը մի շարք ոլորտներում և համոզմունք հայտնել, որ ՀՀ նոր կառավարության հետ կծավալվի արդյունավետ գործակցություն:

Իտալիայի վարչապետն ընդգծել է Հայաստանի հետ պատմականորեն ամուր բարեկամական կապերի առկայությունը և կարևորել դրանց հետագա ամրապնդումն ու զարգացումը: 

Վարչապետը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին առնչվող հարցեր: -0-