Օբաման կրկին չարտասանեց «ցեղասպանություն» բառը

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հայ ժողովրդին հղած ավանդական ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, շրջանցելով պաշտոնավարությունից առաջ տված խոստումները, կրկին չարտասանել «ցեղասպանություն» եզրույթը։
Օբաման ասաց «Մեծ Եղեռն» արտահայտությունը, որը հայերենում «ցեղասպանություն» բառի հոմանիշն է, հայտնում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն։
«Այսօր մենք հիշում ենք «Մեծ Եղեռնի»` 20–րդ դարի ամենասարսափելի չարագործություններից մեկի մասին։ Հարգում ենք դաժանաբար սպանված և Օսմանյան կայսրության մայրամուտին մահվան գնացող 1.5 միլիոն հայերի հիշատակը»,– ասվում է Օբամայի ուղերձում։
ԱՄՆ նախագահը նշել է, որ հիշելով 98–ամյա վաղեմության աներևակայելի տառապանքները` «մենք միանում ենք այդ օրն Ամերիկկայում և ողջ աշխարհում նշող միլիոնավոր մարդկանց»։
«Մեր պարտականությունն է` պահպանել զոհերի հիշատակը և թույլ չտալ, որ պատմության նման մութ էջերը կրկնվեն»,– ասել է Օբաման։
Նա ընդգծել է, որ բազմիցս հնչեցրել է սեփական տեսանկյունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ։ «Իմ հայացքներն այս հարցում չեն փոխվել։ Փաստերի ամբողջական, անկեղծ և ուղիղ ճանաչումը պատասխանում է մեր ընդհանուր շահերին։ Առաջ շարժվել անհնար է առանց անցյալի փաստերն ընդունելու»,– ասել է նախագահը։
Օբամայի խոսքով, որոշ մարդիկ արդեն կատարել են այդ համարձակ քայլը։ «Մենք ողջունում ենք այն հայերին և թուրքերին, ովքեր ոտք են դրել այդ ուղու վրա, և հույս ունենք, որ այն կընտրեն շատերը իմ և իրենց կառավարությունների աջակցությամբ»,– ասել է Օբաման։
Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ թեպետ կորսված կյանքերն անհնար է վերադարձնել, այնուամենայնիվ, հայ ժողովրդի ժառանգությունը հսկայական է։ «Ձեր հավատքը, քաջությունը և ուժը թույլ տվեցին ապրել և բարգավաճել, ստեղծել վառ համայնքներ ողջ աշխարհով։ Չվախենալով` դուք պահպանեցիք ձեր ժառանգությունը` փոխանցելով այն սերնդեսերունդ»,– ասել է Օբաման։
Նա ավելացրել է նաև, որ ամերիկահայերը մեծ ավանդ են ներդրել ԱՄՆ–ի կյանքում և Հայաստանի ժողովրդավարական, խաղաղ ու բարեկեցիկ ապագայի կառուցման մեջ` ընդգծելով, որ Միացյալ Նահանգները հպարտանում է այդ ժառանգությամբ։
«Հիշատակի այս սուրբ օրը մենք բոլոր հայերի կողքին ենք, «Մեծ Եղեռնի» մութ էջերի հուշերում և Հայաաստանի ժողովրդի լուսավոր ապագայի ձգտումով»,– ասել է Օբաման։
Դեռ ԱՄՆ նախագահի թեկնածու լինելու ընթացքում Օբաման բազմիցս հայտարարել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին և դրան կոչ է արել նաև նախկին նախագահ Ջորջ Բուշին։
Աշխարհասփյուռ հայությունն ապրիլի 24–ին նշում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 98–րդ տարելիցը։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-