Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

«Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքը ներկա տեսքով կգործի մինչև սեպտեմբերի 30–ը. վարչապետ

03.04.2014, 12:18
«Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքը ներկա տեսքով կգործի Հայաստանի քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների համար մինչև սեպտեմբերի 30–ը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Կուտակային կենսաթոշակի մասին»  օրենքը ներկա տեսքով կգործի մինչև սեպտեմբերի 30–ը. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքը ներկա տեսքով կգործի Հայաստանի քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների համար մինչև սեպտեմբերի 30–ը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Հայաստանի Սահմանադրական դատարանը ապրիլի 2–ին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական և անվավեր ճանաչեց։ ՍԴ–ի որոշման համաձայն` 2014 թ.–ի սեպտեմբերի 30–ը հաստատվել է որպես վերջնաժամկետ այդ դրույթները, ինչպես նաև մոտ 50 օրենքներով և ավելի քան 80 այլ նորմատիվ ակտերով նախատեսված կետեր անվավեր ճանաչելու համար։ ՍԴ–ի սույն որոշման ընդունումից առաջ իրականացրած բոլոր կուտակային վճարները ենթակա են վերահաշվարկման։

«Որքան ես հասկանում եմ, Սահմանադրական դատարանի որոշումից հետևում է, որ օրենքն այն տեսքով, որով կա, գործելու է մինչև սեպտեմբերի 30–ը, իսկ մենք մինչ այդ ժամկետը պետք է փոխենք այն նորմերը, որոնք չեն համապատասխանում Սահմանադրությանը», – հայտարարեց Սարգսյանը։

Վարչապետի այս խոսքերը հաստատեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ օրենսդրական փոփոխությունների փաթեթ պատրաստելու համար աշխատանքային խումբ կձևավորվի, որում, մասնավորապես, կընդգրկվեն Արդարադատության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Ֆինանսների նախարարության և ԿԲ–ի ներկայացուցիչները։  

Վարչապետն առաջարկեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին մասնակցել այդ փաթեթի մշակմանը` ընդգծելով, որ դա նրանց համար բացառիկ հնարավորություն է։

Հայաստանի Սահմանադրական դատարանը հունվարի 24–ին կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ` մինչև օրենքի ութ հոդվածների սահմանադրականության մասին գործի դատաքննության ավարտը, հաղորդում է ՍԴ մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, կասեցվել է 76-րդ հոդվածի (Պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով  կատարելու համար) և 86-րդ հոդվածի երրորդ մասի (որի համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները պետք է կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն) գործողությունը:

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։

Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում։ Օրենքի դեմ բողոքող քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հավատում, որ կենսաթոշակային ֆոնդերում պարտադիր կարգով ներդրվող գումարները նրանց արժանի կենսաթոշակ կապահովեն և կոչ են անում իշխանություններին հրաժարվել այդ գաղափարից։

Gallup International Association–ի հայկական գրասենյակի կողմից Երևանի 1066 չափահաս բնակիչների շրջանում 2014 թ.–ի փետրվարի 13–28–ն անցկացված հարցման համաձայն, Երևանի հարցված բնակիչների ավելի քան 88 տոկոսը չի աջակցում Հայաստանում ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։-0-