Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Փաշինյան. Հայաստանը պատրաստ է ապահովել ՀՀ տարածքով բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ

22.10.2025, 14:43
Մենք պատրաստ ենք հենց այսօրվանից ՀՀ-ի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա, ասել է Փաշինյանը
Փաշինյան. Հայաստանը պատրաստ է ապահովել ՀՀ տարածքով բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ընթացքում անդրադարձել է Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա ճանապարհների բացմանը` նշելով, որ Հայաստանը հենց այսօրվանից պատրաստ է ՀՀ-ի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։

«Հայաստանի տարածքում թե ճանապարհները, թե սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար՝ Մարգարա-Եղեգնաձոր- Սիսիան-Գորիս երթուղով»,-ասել է նա։

Նա նաև խոսել է Հայաստան-Թուրքիա ծավալած դրական երկխոսության մասին և հույս հայտնել, որ առաջիկայում կարող է լինել նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացում։

Նա նշել է, որ քաղաքական առումով Հայաստանը պատրաստ է ապահովել նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից դեպի Ադրբեջանի հիմնական մաս և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև Թուրքիայի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի ու Ադրբեջանի հիմնական մասի միջև տարանցումը Հայաստանի տարածքով, բայց տեխնիկապես պատրաստ չէ, քանի որ այդ հատվածներում երկաթուղին նորոգման կամ վերակառուցման կարիք ունի։

«Քաղաքական առումով մենք պատրաստ ենք ապահովել Նախիջևանի ինքնավար հանրապետությունից դեպի Ադրբեջանի հիմնական մաս և հակառակ ուղղությամբ տարանցումը Հայաստանի տարածքով, բայց տեխնիկապես դեռևս պատրաստ չենք՝ ենթակառուցվածքների բացակայության պատճառով»,- նշել է վարչապետը։

«Այս տեխնիկական հարցերը նույնպես 2-3 տարվա ընթացքում կլուծվեն։ Առաջիկայում Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան, ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր նույնպես կկառուցվեն։ Կապահովվի նաև երկաթուղային և ավտոտրանսպորտային կապը», -նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով` այս ամենը կյանքի կոչելու ամենակարևոր պայմանը խաղաղությունն է, որը Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքներով հաստատվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև։

«Այժմ մենք աշխատում ենք Ադրբեջանի հետ` հաստատված խաղաղությունը առավել ինստիտուցիոնալ դարձնելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որը նախաստորագրվեց Վաշինգտոնում` ստորագրելու և վավերացնելու ուղղությամբ», - ընդգծել է վարչապետը։

Նրա խոսքով` տրանսպորտային բոլոր հաղորդուղիները հերթով կբացվեն` պատմական փոփոխություն բերելով տարածաշրջանին։