Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Փաշինյան․ օգոստոսի 8–ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հայաստանի Հանրապետությունում

18.08.2025, 19:39
Վաշինգտոնի հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, հայտարարել է Փաշինյանը
Փաշինյան․ օգոստոսի 8–ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հայաստանի Հանրապետությունում

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Վաշինգտոնի հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժողովրդին ուղղված իր ուղերձում։

«Ում զում արձանագրել, որ օգոստոսի 8–ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հարավային Կովկասում, մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հայաստանի Հանրապետությունում և այս փաստը պետք է գիտակցել։ Այսպես ասում եմ, որովհետև դա հեշտ չէ գիտակցել, որովհետև դա մեզ անծանոթ իրավիճակ և իրողություն է։ Մենք՝ Երրորդ հանրապետության քաղաքացիներս, չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, չգիտենք, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում, աշխատել խաղաղության պայմաններում։ Դա մեզ անծանոթ զգացում է, որովհետև մեր անկախության առաջին օրից մենք ապրել ենք կոնֆլիկտի մթնոլորտում, պատերազմի կամ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում», – ասել է Փաշինյանը։

Վարչապետը հայտարարել է, որ խաղաղությունը մեզ համար անծանոթ գիտակցություն և անծանոթ իրողություն է, խաղաղությունը մեզ համար անծանոթ և այսպիսով՝ օտարոտի կյանք է։

«Խնդրում եմ եկեք չթերագնահատենք այս իրողությունը։ Այս իրողությունը նշանակում է, որ մենք գործնականում զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, իմանանք, թե ինչ է նշանակում խաղաղություն, ինչպիսի՞ն է այն և ինչ տեսք ունի։ Սրա մասին մտածելիս է, որ հասկանում ես, որ խաղաղությունն այնպիսի տեսք ու պատկեր կունենա, ինչպիսի տեսք և պատկեր մենք նրանք կհաղորդենք, ինչպիսին այն կկերտենք և կստեղծենք, իհարկե՝ Ադրբեջանի հետ, և ոչ թե միայնակ։ Հաստատված խաղաղությունն ամենօրյա խնամք և հոգատարություն է պահանջում, ինչպես ամենօրյա խնամք և հոգատարություն է պահանջում նորածին, և ոչ միայն նորածին երեխան, ինչպես ամենօրյա խնամք և հոգատարություն է պահանջում նորակառույց և նորաբնակ տունը, ինչպես ամենօրյա խնամք է պահանջում, այո՛, նոր ու սիրելի ավտոմեքենան», – նշել է Փաշինյանը։

Վաշինգտոնյան հռչակագրի մասին

Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։

Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։