Փաշինյան․ Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ ուզում է Ղարաբաղի կապիտուլյացիա (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Կարևոր է հարցը, որ գուցե Հայաստանն է մեղավոր իր դիրքորոշումներով, որ հնարավոր չի լինում հրադադար հաստատել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Facebook-յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հերթական ձախողված հրադադարին:
«Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ այս ողջ ընթացքում մենք եղել ենք մաքսիմալ ճկուն: Այդ ճկունության ընթացքում եկել ենք համոզման, որ Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ ուզում է Ղարաբաղի կապիտուլյացիա: Ընդ որում, այս պահանջը ոչ միայն այսօրվա, այլ պատերազմից առաջ գոյություն ունեցող պահանաջրկ է: Այսինքն, այնտեղ, որտեղ մենք որևէ ճկունություն ենք ցուցաբերել, տեսական կամ գործնական մակարդակի, դա ընդունելի չի եղել արդեն Ադրբեջանի համար: Եթե մենք որևէ բանի համաձայնել ենք, դա արդեն ընդունվելի չի եղել Ադրբեջանի համար, որովհետև նրանք ցանկացել են ավելին: Ադրբեջանը հիմա առավել ևս ոչ թե Ղարաբաղի հարցի կարգավորում է ուզում, այլ առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների։
Հետևաբար, ըստ նրա, պետք է գտնել ռեսուրսներ, որպեսզի կարողանանք մեր շահերը պաշտպանել:
«Մենք պետք է կարողանանք գտնել ռեսուրսներ, որպեսզի իրավիճակը կարողանանք դարձնել այնպիսին, որ Ադրբեջանի պահանջը այլևս լինի ոչ թե Ղարաբաղի կապիտուլյացիան, այլ փոխզիջումը: Սա է ամենակարևոր պրոբլեմը, որը թույլ չի տվել լուծել Ղարաբաղի հարցը: Ադրբեջանը պատրաստ չի եղել, հիմա առավելևս պատրաստ չէ փոխզիջումների: Ադրբեջանին փոխզիջումների հակելու համար մենք պետք է մեր բոլոր ռեսուրսները կենտրոնացնել»,-ասաց Փաշինյանը:-0-