Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+23

Հայաստանը լուրջ հաջողությունների է հասել ԵԽ–ի շրջանակներում պարտավորությունների կատարման գործընթացում. Պավլյուկ

13.05.2014, 15:44
Հայաստանը լուրջ հաջողությունների է հասել Եվրոպայի Խորհրդում անդամակցության շրջանակներում իր պարտավորությունների կատարման գործընթացում, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը։
Հայաստանը լուրջ հաջողությունների է հասել ԵԽ–ի շրջանակներում պարտավորությունների կատարման գործընթացում. Պավլյուկ
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը լուրջ հաջողությունների է հասել Եվրոպայի Խորհրդում անդամակցության շրջանակներում իր պարտավորությունների կատարման գործընթացում, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը։

«Հայաստանում պարբերաբար անցկացվում է պարտավորությունների կատարման մոնիտորինգ, և դրանց արդյունքները վկայում են այն մասին, որ այս ասպարեզում երկիրը մեծ առաջընթաց է գրանցել», – ասել է նա։

Պավլյուկի խոսքերով` հանրապետությունում հաջողությամբ իրականացվում է Եվրոպայի Խորհրդի Գործողությունների 2012–2014 թթ. ծրագիրը։

Հայաստան–ԵԽ գործողությունների 2012–2014 թթ. ծրագիրը ներառում է երկու տասնյակից ավելի կետեր։ Ծրագրի հիմնական ուղղություններն են աջակցությունը ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, դատական բարեփոխումները, ԶԼՄ–ների ազատությունն ու լրագրողների կրթությունը, կոռուպցիայի դեմ պայքարը։

Հայաստանում ԵԽ–ի կողմից հաջողությամբ իրականացվող այլ նախագծերի թվում Պավլյուկը նշեց «Արդարադատության հասանելիություն» ծրագիրը, որի շրջանակներում հանրապետությունում հիմնադրվել է Փաստաբանների դպրոցը։

Նա նաև ավելացրել է, որ Հայաստանի և ԵԽ–ի միջև համագործակցությունը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է և այսօր էլ շարունակում է խորանալ։ Նրա խոսքերով` կապերի ամրապնդմանը նպաստել է նաև 2013 թ.–ին ԵԽ–ի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը։

Երևանյան գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ ԵԽ–ն կշարունակի փոխգործակցել Հայաստանի հետ և մշակել նոր ծրագրեր մի քանի հիմնական ուղղություններով, որոնց թվում են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության ամրապնդումն ու հանրապետությունում ժողովրդավարական ուժերի համախմբումը, ինչպես նաև դատական բարեփոխումների իրականացումը։

1949 թ.–ին հիմնադրված Եվրոպայի Խորհրդում ներառված է 47 պետություն։ Հայաստանը ԵԽ–ի լիիրավ անդամ է 2001 թ.–ի հունվարի 25–ից։–0–