Рейтинг@Mail.ru
USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Պետք է գնանք ՀՀ-ն ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր դարձնելու ճանապարհով․ Փաշինյան

Այսօր, 16:19
Հիմա ուրիշ իրողություն է պարզվում, որ, այնուամենայնիվ, տարածք կա և՛ այս ճանապարհով գնալու, և՛ ԵԱՏՄ անդամ լինելու համար, ասել է Փաշինյանը
Պետք է գնանք ՀՀ-ն ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր դարձնելու ճանապարհով․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը գնում է ՀՀ-ն ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր դարձնելու ճանապարհով:

Այս մասին այսօր «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այնքան, ինչքան համատեղելիությունը հնարավոր կլինի, մենք կշարունակենք նաև մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Երբ այլևս համատեղելիության անհնարինություն կարձանագրվի, մենք ՀՀ քաղաքացիների հետ կկայացնենք այն որոշումը, որը կբխի ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտությունից»,-ասել է նա։

Փաշինյանն ընդգծել է ՀՀ կառավարության ընկալումն այս համատեքստում։

«Հիմա մեր ռազմավարությունը հետևյալն է․ մենք շատ ամուր և հստակ պետք է գնանք ՀՀ-ն ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր դարձնելու ճանապարհով», -ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ այստեղ արդեն գալիս է քաղաքական որոշման հարցը, այսինքն` այս կետում, երբ Հայաստանը համապատասխանում է ստանդարտներին, կա 2 տարբերակ` կամ Հայաստանին ընդունում են ԵՄ անդամ, կամ ինչ֊ինչ պատճառներով չեն ընդունում։

Ըստ վարչապետի՝ 2 դեպքում էլ ՀՀ-ն շահած է դուրս գալիս, քանի որ մի դեպքում Հայաստանը դառնում է ԵՄ լիարժեք և լիիրավ անդամ, 2-րդ դեպքում՝ Հայաստանը չի դառնում ԵՄ անդամ, բայց լինում է ԵՄ ստանդարտներին համապատասխանող պետություն։

 Հաջորդ նրբությունը, ըստ Փաշինյանի, այն է, որ ՀՀ-ն չի կարող միևնույն ժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ։ Բայց հիմա ուրիշ իրողություն է պարզվում, որ, այնուամենայնիվ, տարածք կա և՛ այս ճանապարհով գնալու, և՛ ԵԱՏՄ անդամ լինելու համար: Եվ մենք այսօր այդ տարածքի մեջ ենք:

Այսօր Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչը նշանակում է, որ այս կետում անհամատեղելիություն չկա, հակառակ դեպքում դա հնարավոր չէր լինի։

Վարչապետը նշել է նաև, որ շատ են հնչում կարծիքներ, թե Հայաստանը չունի ընտրության տարբերակ և ընդգծել, որ այս ընթացքը ցույց է տվել, որ մենք ունենք տարբերակներ, և հիմա իրենք ստեղծում են այդ տարբերակների «մենյուն» ՀՀ ժողովրդի համար։