Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+18

«Քանի դեռ արձանագրություններից հետ չի կանչված ՀՀ ստորագրությունը, Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը դժվար թե լինեն շոշափելի». Ռոբերտ Քոչարյան

08.04.2015, 15:01
Քանի դեռ արձանագրություններից հետ չի կանչված ՀՀ ստորագրությունը, Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը դժվար թե լինեն շոշափելի, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանի հերթական հարցազրույցը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։
«Քանի դեռ արձանագրություններից հետ չի կանչված ՀՀ ստորագրությունը, Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը դժվար թե լինեն շոշափելի». Ռոբերտ Քոչարյան
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Քանի դեռ արձանագրություններից հետ չի կանչված ՀՀ ստորագրությունը, Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը դժվար թե լինեն շոշափելի, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանի հերթական հարցազրույցը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակում է։

2015թ.–ի հունվարին Սարգսյանը նամակով դիմեց ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանին` տեղեկացնելով, որ որոշել է արձանագրությունները հետ կանչել խորհրդարանից։  

«Մեռելածին լինելով հանդերձ, դրանք այնուամենայնիվ գերագնահատված փոխադարձ սպասումներ առաջացրեցին ինչպես Հայաստանում ու Թուրքիայում, այնպես էլ՝ միջազգային հանրության շրջանում: Իսկ չափազանցված, անիրականանալի սպասումները միշտ հանգեցնում են ելակետային իրավիճակի վատթարացման: Թուրքիան արձանագրությունների միջոցով Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը  զսպելու հնարավորություն ստացավ: Ոչ մի տարբերություն չկա, թե ֆիզիկապես որտեղ է գտնվում ստորագրված փաստաթուղթը՝ խորհրդարանո՞ւմ, թե՝ ԱԳՆ-ում», - ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով` այսօր քչերն են հավատում հայ-թուքական սահմանի գործարկման հեռանկարին, մինչդեռ դա միակ բանն էր, որ Հայաստանը կարող էր ստանալ արձանագրությունների իրագործումից:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվականից: Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Քոչարյանը նշել է, որ դատելով երկու կողմերի քաղաքական գործիչների բառապաշարից, հայ-թուրքական հարաբերությունները, անկասկած, վատացել են: Պատճառները շատ են, բայց գլխավորը ես կհամարեի Թուրքիայի եվրոպական ձգտումների ակնհայտ նվազումը, ինչը նշանակում է, որ նվազել է նաև հանդուրժողականություն և բարյացակամություն ցուցադրելու կարիքը:

«Հարևանների հետ խնդիրների զրոյացման  քաղաքականությունը ամբողջապես տապալվեց տարածաշրջանային խնդիրների կտրուկ բևեռացման պայմաններում: Թուրքիայի գործողություններն այսօր ուղղակի արտահայտում են նրա՝ տարածաշրջանում դոմինանտ դիրք ստանալու ահագնացած ձգտումները, իսկ դա նշանակալիորեն մեծացնում է Ադրբեջանի նշանակությունը Թուրքիայի արտաքին քաղաքական հաշվարկներում: Այս ամենը միայն ուժեղացնում է Թուրքիայի կանխակալությունը Ղարաբաղյան հակամարտության հարցերում և ամենևին չի նպաստում ապաշխարությանը հեռավոր անցյալի իրադարձությունների համար»,–ասել է Քոչարյանը։

Նախկին նախագահը նշել է, որ մենք չենք կարող պարզապես պատմություն համարել 100 տարի առաջ տեղի ունեցածը, և ոչ միայն բարոյական նկատառումներով, այլև այն պատճառով, որ Հայաստանի և ԼՂՀ անվտանգության հարցը շարունակում է արդիական մնալ նաև հիմա:

«Ցեղասպանության ճանաչման թեման այսօր պետք է դիտարկել մեր անվտանգության ընդհանուր և միասնական համատեքստում: Ակնհայտ է, որ աշխարհը ավելի վտանգավոր է դարձել, լոկալ պատերազմներն ու հակամարտությունները, իրենց ծանրագույն հումանիտար հետևանքներով, շատացել են, և դրանք անմիջապես մեր կողքին են: Գլոբալ և տարածաշրջանային գործող դերակատարների կոնֆիգուրացիան ու շահերն էլ առանձնապես չեն փոխվել»,– ասել է Քոչարյանը:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-