ՔԿ–ն հրապարակել է ավտոբուսի պայթյունի ենթադրյալ մեղավորի անունը

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի քննչական կոմիտեն հրապարակել է Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի ենթադրյալ մեղավորի անունը։
Ապրիլի 25–ին ժամը 21։51–ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից ոչ հեռու, N63 ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել։ Ճշտված տվյալներով, ավտոբուսի պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, յոթ տուժածներ հոսպիտալացվել են, այդ թվում` անչափահասներ և հղի կին։
«Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ապրիլի 25-ին ավտոբոսում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը, ով հանդիսանում է ՀՀ քաղաքացի, 55-ամյա Ռուբեն Բալյանը։ Վերջինս այն անձն է, ում բջջային հեռախոսային քարտը հայտնաբերվել էր դեպքի վայրում կատարված զննությամբ եւ նույնականացման համար նշանակվել էր ԴՆԹ փորձաքննություն», – տեղեկացրել է Քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Նախօրեին ՔԿ–ն տեղեկացրել է, որ պայթած ավտոբուսում գտնվել էր հեռախոսային քարտ, որի տիրող տանը հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, դետոնատոր և տարբեր տեսակի էլեկտրոնային սարքեր։ «Տրոտիլի» հետքեր էին հայտնաբերվել նաև ավտոբուսից և դեպքի վայրից վերցված փորձանմուշների վրա։
Քննչական կոմիտեի աղբյուրը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել էին, որ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քարտի տերը սրված հարաբերությունների մեջ էր հարազատների հետ։–0–