Рейтинг@Mail.ru
USD
376.83
EUR
446.28
RUB
4.9073
GEL
140.74
2026 թ. փետրվարի 18, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Քննարկվել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացումը․ հանդիպում փոխվարչապետի մոտ

Երեկ, 15:52
Հայաստանն ու ԵՄ–ն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցեր
Քննարկվել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացումը․ հանդիպում փոխվարչապետի մոտ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ կառավարությունը։

Հանդիպմանը ներկա էին նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցեր, առանձնահատուկ շեշտվել է ՀԸԳՀ լիարժեք կիրարկման կարևորությունը:

Մհեր Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կապակցվածության ծրագրերի շուրջ, անդրադարձել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը: Զրուցակիցները քննարկել են նաև Տնտեսական և ներդրումային պլանի ներքո համատեղ կատարված աշխատանքները:

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի այցին և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ՝ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները ՀՀ-ԵՄ համագործակցության հնարավոր նոր նախաձեռնությունների սահմանման ուղղությամբ: