Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը հայտարարում է ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ գրանցված զանգվածային խախտումների մասին

18.02.2013, 14:51
ՀՀ նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքում զանգվածային խախտումներ են տեղի ունենում, հայտարարեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը։
Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը հայտարարում է ՀՀ նախագահի  ընտրությունների ժամանակ գրանցված զանգվածային խախտումների մասին
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքում զանգվածային խախտումներ են տեղի ունենում, հայտարարեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը։

Նախագահական ընտրություններն անցնում են երկուշաբթի Հայաստանի 1988 ընտրատեղամասում։

«Առավոտյան ութից սկսած Հայաստանի ողջ տարածքում գտնվող տարբեր ընտրատեղամասերից հաղորդումներ ենք ստանում խախտումների մասին, մասնավորապես` բաց քվեարկության, քվեաթերթիկների լցոնման, քվեարկության գործընթացի վերահսկողության դեպքերի մասին։ Նաև հաղորդագրություններ են ստացվում քաղաքացիների անձնագրերում անհետացող դրոշմակնիքների մասին»,– ասաց նա։

Այդ կապակցությամբ Խուրշուդյանը լրագրողներին ցույց տվեց, որ անձնագրում դրված կնիքը ջնջվում է սովորական թաց անձեռոցիկի միջոցով։

Մամուլի քարտուղարը նշեց, որ թեկնածու Հովհաննիսյանի վստահված անձինք տեղեկացնում են, որ հայկական գյուղերի մի քանի ընտրատեղամասերում  գյուղական համայնքների ղեկավարները ներկա են ընտրատեղամասերում և բաց քվեարկություն են կազմակերպում, ընդ որում, նախօրեին այդ գյուղերում նախընտրական կաշառքներ են բաժանվել թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։

Խուրշուդյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը դիմել է համապատասխան իրավապահ մարմիններին, որտեղ նշեցին, որ բոլոր այդ հաղորդումները կքննարկվեն օրենքով սահմանված կարգով։

Շտաբի մամուլի քարտուղարը նշեց նաև, որ որոշ կասկածներ են հարուցում  լրացուցիչ ցուցակները։ Ըստ նրա` այդ ցուցակներում պետք է ներառվեն այն քաղաքացիները, ովքեր ժամանակավոր բնակվում են Երևանում, սակայն հաշվառված են մարզերում։ Թեկնածուների վստահված անձինք մայրաքաղաքի մի քանի ընտրատեղամասերում լրացուցիչ ցուցակներ են ֆիքսել, որտեղ միևնույն գյուղից հարյուրավոր մարդիկ են ընդգրկվել։

Այդ կապակցությամբ ընտրական շտաբը պաշտոնական հայտարարություն է կազմել, որն այսօր ԿԸՀ կներկայացնի «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը` ընտրողների լրացուցիչ ցուցակները հրապարակելու պահանջով։

Վստահված անձանց կողմից գրանցված մյուս խախտումների թվում Խուրշուդյանը նշեց ընտրատեղամասերում մարդկանց կուտակումները։ Նա նշեց, որ Ընտրական օրենսգրքի համաձայն` ընտրատեղամասում չի կարող միաժամանակ գտնվել հինգից ավելի մարդ, սակայն վստահված անձինք տեղեկացնում են ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի
ընտրատեղամասերում մեծ կուտակումների մասին, ինչը լրացուցիչ լարվածություն է ստեղծում։
Ըստ Խուրշուդյանի` ընտրական հանձնաժողովների ղեկավարները մի քանի տեղամասերում հրաժարվում են ֆիքսել խախտումները, որոնք գրանցում են թեկնածուների վստահված անձանց կողմից։

Ընտրություններին մասնակցում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ --0—