Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական թիմի ձևավորման մեկնարկի մասին

14.07.2025, 11:18
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական թիմի ձևավորման մեկնարկի մասին
Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական թիմի ձևավորման մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./ԱՌԿԱ/. «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական թիմի ձևավորման մեկնարկի մասին։

«Մեր առաջին իսկ հանրահավաքը հաստատեց իշխանության գլխավոր վախը. մեր ժողովուրդը վստահ է, որ ուժեղ է, ու բռնաճնշումներից չի կոտրվում»,-ասվում է հայտարարության մեջ։

Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հուլիսի 4-ին ու առ այսօր քաղաքացիական արիություն ցուցաբերած տասնյակ հազարավոր իր հայրենակիցներին։

«Անկեղծորեն շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում ինձ։ Այս օրերին շատ քննարկվեց իմ ուղերձը, բայց ցավոք, իրականությունից կտրված տարբեր մեկնաբանություններ էլ արվեցին։ Կարծում եմ, որ ես շատ պարզ եմ արտահայտվել՝ ստեղծելու ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ»,- գրում է նա։

Նա մեծ հարգանք է արտահայտել մինչ օրս Նիկոլ Փաշինյանի հակազգային իշխանության քաղաքականության դեմ իրական պայքար մղած քաղաքական ուժերին և գործիչներին։

«Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ։ Փորձելու ենք համախմբել մեր ժողովրդին արդար ու մեծ նպատակների շուրջ։ Մերժելու ենք սև-սպիտակի և արհեստական մյուս բաժանումները, որպիսիք այս իշխանությունները փաթաթել են հասարակության վզին՝ պառակտելով ու թուլացնելով մեր երկիրը»,-նշվում է հայտարարության մեջ։

Սամվել Կարապետյանի խոսքով, նույնիսկ այսօրվա վարչակարգի տարբեր օղակներում աշխատում են իսկական պրոֆեսիոնալներ, որոնք չեն կիսում փոքրիկ խմբակի արժեքները, սակայն դեռ չեն տեսնում այն ճանապարհը, որը ելք կհամարեին ստեղծված իրավիճակից։

«Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է։ Անելո՛ւ ենք՝ մեր ձևով»,-նշվում է հայտարարության մեջ։

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մասին

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հունիսի 18-ի գիշերն իր առանձնատնից բերման է ենթարկվել ուժայինների կողմից։   Դիմելով առանձնատան մոտ հավաքված մարդկանց՝ Կարապետյանը հայտարարել է, որ աջակցում է եկեղեցուն։

Հունիսի 17–ին Կարապետյանն իր կարծիքն էր հայտնել իշխանություն–եկեղեցի առճակատման հարցով։

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», – հայտարարել է Կարապետյանը։

Դրանից հետո ուժայիններն օպերատիվ գործողություններ են սկսել Կարապետյանի երևանյան առանձնատանը։

Քննչական կոմիտեն գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան:

Հունիսի 18-ին դատարանը բավարարել է գործարարին երկու ամսով կալանավորելու ՔԿ միջնորդությունը։

Հունիսի 19-ին Հայաստանում կալանավորվել է ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր Գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանը՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեղադրանքով։

Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։