Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Թուրքիայի իշխանությունները նոր ցեղասպանությունների վտանգավոր նախադեպ են ստեղծում. Սարգսյան

18.03.2015, 18:53
Թուրքիայի իշխանությունները նոր ցեղասպանությունների վտանգավոր նախադեպ են ստեղծում, չորեքշաբթի ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Արարատի ստորոտին» 5–րդ միջազգային մեդիաֆորումի ընթացքում։
Թուրքիայի իշխանությունները նոր ցեղասպանությունների վտանգավոր նախադեպ են ստեղծում. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Թուրքիայի իշխանությունները նոր ցեղասպանությունների վտանգավոր նախադեպ են ստեղծում, չորեքշաբթի ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Արարատի ստորոտին» 5–րդ միջազգային մեդիաֆորումի ընթացքում։

«Թուրքական իշխանություններն (Հայոց ցեղասպանության) իրենց ժխտողական քաղաքականությամբ ոչ միայն արդարացնում են Օսմանյան կայսրության հանցագործությունները, հայերին հայրենիքից զրկելը, այլ նաև նոր ցեղասպանությունների վտանգավոր նախադեպ են ստեղծում։ Դրա վառ օրինակ է Հոլոքոստը, Ռուանդայի, Կամբոջայի ցեղասպանությունները, էթնիկ զտումները և մշակութային ժառանգության ոչնչացումն «Իսլամական պետության կողմից»»,– ասաց Սարգսյանը։

Ըստ նրա` Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու փորձերը կարելի է որակել որպես շարունակական հանցագործություն և նոր ցեղասպանությունների խրախուսում:

«Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ Թուրքիայի մտավորականության և առաջադեմ երիտասարդության ավելի ու ավելի շատ հատվածներ խիզախում են առերեսվել իրենց պատմական անցյալի հետ՝ ցանկանալով ապրել արժանապատիվ և չկրել մեղքի այդ ծանր բեռը»,– ասաց նախագահը։

2015 թվականին Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունը միջազգային հանրության հետ հիշում և ոգեկոչում են մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, որին զոհ դարձավ 1.5 միլիոն հայ, հարյուր հազարավորներն էլ դարձան գաղթական կամ բռնի կրոնափոխ եղան։ Յուրաքանչյուր հայ, աշխարհի որ անկյունում էլ գտնվի, զգում է Մեծ եղեռնի հետևանքները թե՛ բարոյահոգեբանական, թե՛ մշակութային, թե՛ լեզվական և թե՛ քաղաքական առումներով:

«Մենք կցանկանայինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչել նաև թուրք ժողովրդի հետ միասին՝ դրանով իսկ ազդարարելով երկու ժողովուրդների միջև հաշտեցման և հարաբերությունների հաստատման մի նոր հանգրվան, որին էլ միտված էին 2009 թվականին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները և իմ հրավերը Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակը: Ցավոք, այս անգամ էլ մենք բախվեցինք ժխտողականության հետ, որն այս տարի առանձնահատուկ դրսևորում ստացավ»,– ասաց Սարգսյանը։

Նախագահը վստահություն հայտնեց, որ Թուրքիայի իշխանություններն այս տարի Գալիպոլիի մարտերի հարյուրամյակը հենց ապրիլի 24-ին տոնելու որոշումն ընդունել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու նպատակով։

«Ցավում եմ, որ Թուրքիայի իշխանություններն այս տարելիցը որպես սեփական պատմության հետ առերեսման և հաշտեցման առիթ օգտագործելու փոխարեն, իրենք իրենց դրեցին անհարմար իրադրության մեջ՝ ակնհայտ կերպով խեղաթյուրելով Գալիպոլիի մարտերի՝ քաջ հայտնի ժամանակագրությունը և այդպիսով համեմելով ժխտողականության քաղաքականությունը նոր դրսևորումներով»,– ասաց Սարգսյանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—