Swissquote Bank–ը Հայաստանում բանկային որևէ գործունեության իրականացման իրավունք չունի
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը հուլիսի 4-ին Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից Հայաստանի օրենսդրությանը հակասող գործունեության մասին ծանուցումներ է ուղարկել պատկան մարմիններին:
Ինչպես երկուշաբթի հայտնեցին Կենտրոնական բանկից, նախորդ շաբաթ հայկական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ շվեյցարական Swissquote Bank–ը գործունեություն է սկսել Հայաստանում Financial Trading House ընկերության կամ «Ռոբերտ և որդիներ» ԲԲԸ–ի միջոցով։ Տարածած տեղեկության համաձայն, հայ հաճախորդները հընարովորություն ունեն վերջինիս միջոցով ներդրումներ իրականացնել Swissquote Bank–ում։
«Կենտրոնական բանկը հայտնում է, որ համաձայն Հայաստանի օրենսդրության, որևէ օտարերկրյա բանկ Հայաստանում գործունեություն կարող է իրականացնել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված դուստր բանկի կամ էլ մասնաճյուղի (նույնպես լիցենզավորված Կենտրոնական բանկի կողմից) միջոցով»,– ասվում է հաղորդման մեջ։
Հաշվի առնելով ֆինանսական շուկաներում և հայաստանյան հաճախորդների շրջանում ձևավորված տարակուսանքը` ԿԲ–ն հայտնում է, որ Swissquote Bank-ը չունի Հայաստանում որևե տեսակի բանկային կամ այլ ֆինանսական գործունեություն իրականացնելու իրավունք:
Բացի այդ, ինչպես նշվում է հաղորդման մեջ, Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերությունը լիցենզավորված չէ Կենտրոնական բանկի կողմից և համաձայն Հայաստանի օրենսդրության, իրավասու չէ Հայաստանում ներկայացնել, գովազդել, ծանոթացնել կամ միջնորդավորել Swissquote Bank-ը կամ նրա հետ կնքվող որևե գործարք:
«Swissquote Bank-ի հետ Հայաստանից նախաձեռնված ու Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից միջնորդավորված որևե ֆինանսական գործառնություն, մեծ հավանականությամբ, ապօրինի է.,– ասվում է հաղորդման մեջ։
Շվեյցարական Swissquote bank–ը հուլիսի 2–ին Երևանում հայտարարել է Հայաստանից հաճախորդներ ներգրավելու մեկնարկի մասին։ Հայաստանում բանկի գործընկեր դարձավ FTH–ը (Financial trading house)։ Շնորհանդեսին ներկա գտնված Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Swissquote bank–ի հետաքրքրվածությունը հայկական շուկայի նկատմամբ, նախևառաջ, խոսում է երկրի նկատմամբ վստահության մասին։
Նրա խոսքով, դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը ոչ միայն նոր ծառայությունների նկատմամբ հասանելիություն կստանա, այլ նաև ֆինանսական ռեսուրսների ավելի լայն շրջանառության հնարավորություն, ավելացնելով, որ դա, այդ թվում, մեծացնում է երկրի հեղինակությունը և ներդրողների վստահությունը։
FTH–ը կզբաղվի միջոցների ներգրավմամբ և շվոյցարական Swissquote bank–ում հաշիվների բացմամբ, ինչպես նաև ռոբոտների տրամադրմամբ (ավտոմատացված առևտրային համակարգ), որոնք իրենց հաճախորդների համար միջոցներ կվաստակեն բորսայում։ FTH–ն նշում է նաև, որ արդյունքում հաճախորդներն ամսական մինչև 4-8 տոկոսի պասիվ եկամուտ կստանան։
Ավելի ուշ ԿԲ–ն կոչ արեց զերծ մնալ Financial Trading House–ի տրամադրած ծառայություններից, նշելով, որ այդ սխեման նման է Ֆորեքս–տեխնոլոգիաների։
Հաղորդվում էր, որ Financial Trading House ընկերությունը գովազդում է մի կազմակերպության online և robo-trading ծառայությունները, որը բանկային արտոնագիր չունի Հայաստանում` խոստանալով հաճախորդների համար բացել կոմերցիոն հաշիվներ և դրանցում դրված միջոցներից ստացվող եկամուտներ։ ԿԲ–ն ուսումնասիրել է ընկերության կողմից տրամադրվող ծառայությունների օրինականությունը և եկել է եզրակացության, որ դրանք անօրինական են։
ԿԲ–ն Հայաստանում նման կազմակերպության կամ բանկի գործունեության արտոնագիր չի տրամադրել։
FTH (Financial trading house) ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին և դարձել է ֆինանսական գլոբալ շուկայի առաջատար ընկերություններից մեկը։ 2015 թվականից ընկերությունը միջնորդի ծառայություններ է մատուցում Swissquote bank–ին։
Swissquote bank–ը շվեյցարական խոշորագույն օնլայն–բանկերից է, որն ունի շուրջ 300 հազար հաճախորդ ամբողջ աշխարհով։ -0-