«Տաշիր» ընկերությունների խումբը ՀԷՑ-ում տեղի ունեցած քննչական գործողություններում քաղաքական գործոն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/ԱՌԿԱ/․ «Տաշիր» ընկերությունների խումբը մտահոգություն է հայտնել ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում նախօրեին իրականացված քննչական գործողությունների ձևաչափի և մասշտաբների վերաբերյալ։ Հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
«Հուլիսի 8-ին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխավոր գրասենյակում իրականացվող քննչական գործողությունների շրջանակում իրավապահ մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ շենք է բերվել Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։ Ներկա պահին նա ձերբակալված չէ, չունի հստակ որոշված կարգավիճակ և սպասում է հնարավոր հարցաքննության։ Հաստատում ենք, որ «ՀԷՑ»-ի գրասենյակում տեղի են ունեցել խուզարկություններ ու քննչական գործողություններ։ Ընկերության ղեկավարությունն ու աշխատակիցները օրենքի շրջանակում համագործակցել են քննող մարմինների հետ»,-ասվում է հայտարարության մեջ։
«Տաշիր» ընկերությունների խումբը մտահոգություն է հայտնել տեղի ունեցողի ձևաչափի և մասշտաբների վերաբերյալ՝ հայտարարելով, որ վերջին օրերի իրադարձությունների համատեքստում առկա են բոլոր հիմքերը ենթադրելու, որ գործընթացն ակնհայտ ունի քաղաքական դրդապատճառներ։
«Տաշիր» ընկերությունների խումբը հավատարիմ է մնում բաց, օրինական և կառուցողական երկխոսության սկզբունքներին։ Մենք հորդորում ենք իրավապահ մարմիններին գործել բացառապես Սահմանադրության և քրեական օրենսդրության շրջանակում՝ բացառելով ճնշման կամ հրապարակային շոուի որևէ տարր։
Մենք շարունակում ենք ուշադիր հետևել զարգացումներին և հանրությանը օպերատիվ կերպով արժանահավատ տեղեկատվություն կտրամադրենք»,-նշվում է հայտարարության մեջ։
Ինչպես նախօրեին հայտնել էր Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը թույլ է տալիս պետականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն։
Հուլիսի 8-ին փոփոխությունների փաթեթը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։