Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Տոնոյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայտնված հայ սպայի մասին տեսանյութերի բովանդակության շուրջ

18.09.2020, 11:49
Տոնոյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայտնված հայ սպայի մասին տեսանյութերի բովանդակության շուրջ
Տոնոյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայտնված հայ սպայի մասին տեսանյութերի բովանդակության շուրջ

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյին: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառված տեսանյութերին և ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը դրանց բովանդակության շուրջ։ Պաշտպանության նախարարը նշել է, որ ադրբեջանական իշխանությունների՝ ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչների կողմից Գուրգեն Ալավերդյանին այցելության թույտվության խոչընդոտումը միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում է:

Միաժամանակ, պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործում պատվիրակության գործադրած ջանքերի համար:

Իր հերթին ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ ԿԽՄԿ-ի պատվիրակությունը իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը Գուրգեն Ալավերդյանի և ադրբեջանական կողմում գտնվող հայազգի անձանց կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ: 

Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման մակարդակի գնահատմանն ուղղված գործունեությունը: Գնահատման գործընթացը մեկնարկել է 2019թ.-ին և միտված է ՀՀ զինված ուժերի ռազմաուսումնական և ուսումնական ծրագրերում, ռազմական գործողությունների պլանավորման և որոշումների կայացման գործընթացում ՄՄԻ ինտեգրման, ինչպես նաև ռազմական գործողությունների պլանավորման և որոշումների կայացման գործընթացում ռազմական իրավախորհրդատուների ներգրավման մակարդակի գնահատմանը: -0-