TRIPP-ի շրջանակում քննարկվում է կառուցապատման իրավունքի 2 սցենար՝ 99 տարվա և 49 տարվա․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակում կառուցապատման իրավունքը նախատեսվում է ժամկետով, հիմա քննարկվում է երկու սցենար՝ 99 տարվա և 49 տարվա:
Այդ մասին տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ժամկետների կարգավորմանը:
«Այդտեղ ներդրումներ են արվելու, և ներդրողը պետք է ունենա որոշակի երաշխիք, որ իր ներդրումները հետ է ստանալու շահույթի որոշակի մարժայով»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սա շատ կարևոր նրբություն է, և այդ քննարկումների վերաբերյալ իրենց վերաբերմունքը ֆինանսատնտեսական է:
«Այստեղ մենք քաղաքական կոմպոնենտ չենք տեսնում մի պարզ պատճառով, չկա այդտեղ քաղաքական կոմպոնենտ: Այդտեղ կա ֆինանսական կոմպոնենտ, թե ով ինչքան է ներդնելու, և որն է հաշվարկը, թե ինչքան ժամանակում այդ ներդրումները կարող են հետ ստացվել որոշակի շահույթով»,- եզրափակեց վարչապետը:
Վաշինգտոնյան հռչակագրի մասին
Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։
Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։