Рейтинг@Mail.ru
USD
377.59
EUR
438.31
RUB
4.8168
GEL
138.06
2026 թ. մարտի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Թուրքիայի հետ սահմանի բացումը կնպաստեր հայկական ապրանքների արտաքին շուկաներ դուրս գալուն. փորձագետ

22.08.2013, 17:38
Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող էր նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը, կարծում է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Թուրքիայի հետ սահմանի բացումը կնպաստեր հայկական ապրանքների արտաքին շուկաներ դուրս գալուն. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող էր նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը, կարծում է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը դրական կազդեր Հայաստանի տնտեսության վրա, քանի որ դա կնպաստեր այլ շուկաներում հայկական ապրանքների հայտնվելուն»,– հինգշաբթի ասաց Իսկանդարյանը մամուլի ասուլիսում։ Քաղաքագետը միաժամանակ կասկած հայտնեց առաջիկա տարիներին սահմանի բացման վերաբերյալ։

Իսկանդարյանի կարծիքով` ներկայում Թուրքիային ավելի շատ հուզում են ներքին խնդիրները, քան Հայաստանի հետ սահմանի բացումը։

«ՉՆայած նրան, որ սահմանը բացելու փորձերը, այսպես ասած, այդ գործընթացի «գլխավոր հովանավոր» ԱՄՆ–ի կողմից շարունակվում են, բայց այդ գործընթացն առաջ մղելու գործիքներ ԱՄՆ–ի մոտ շատ քիչ են կամ առհասարակ չկան»,– նշեց քաղաքագետը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: --0--