Տուսկը նշել է Շենգենյան գոտու վերացման ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ շենգենյան գոտին կարող է դադարել գոյություն ունենալ արդեն երկու ամսից, հայտնում է Lenta.ru–ն` հղում անելով Reuters–ին։
Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ ԵՄ երկրների միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմը կարող է չեղյալ հայտարարվել, եթե իշխանություններին չհաջողվի լուծել միգրանտների հետ կապված խնդիրը։ «Մենք ունենք ոչ ավելի, քան երկու ամիս իրավիճակը վերահսկելու համար»,– ասել է Տուսկը` ելույթ ունենալով եվրոպացի խորհրդարանականների առջև։ Նա նշել է, որ Եվրամիությունը «կվերանա որպես քաղաքական նախագիծ», եթե չկարողանա ապահովել իր արտաքին սահմանների անվտանգությունը։
Ավելի վաղ հունվարի 19–ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն արդեն նախազգուշացրել էր, որ շենգենյան գոտու անհետացումը սպառնում է հենց Եվրամիության գոյությանը։
Ներկայում ազգային սահմաններում անօրինական արտագաղթը կանխելու նպատակով սահմանային վերահսկողություն են կիրառում Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Մալթան և Ավստրիան։
Բաց սահմանների մասին Շենգենյան կոնվենցիայի համաձայն, համաձայնագրի անդամ երկրներն իրավունք ունեն ժամանակավորապես վերականգնել անձնագրային վերահսկողությունը ներքին սահմաններում, եթե դա անհրաժեշտ է անվտանգության և հասարակական կարգի պահպանման համար։ -0-