Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայաստանի վարչապետի հրաժարականը պարտադրանք չէր. նախագահ

04.04.2014, 18:36
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պարտադրանք չէր, ուրբաթ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետության Կենտրոնական բանկում կայացած խորհրդակցության ժամանակ։
Հայաստանի վարչապետի հրաժարականը պարտադրանք չէր. նախագահ
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պարտադրանք չէր, ուրբաթ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետության Կենտրոնական բանկում կայացած խորհրդակցության ժամանակ։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի հրաժարական է ներկայացրել։ Facebook սոցցանցի հանրագրում վարչապետը հրաժարականի իր որոշումն անվանել է հասունացած և խորապես գիտակցված։

«Վարչապետի հրաժարականը հրաժարական էր, այլ ոչ թե՝ պարտադրանք: Երբ երեկ մենք մեր կուսակցությունում քննարկում էինք, և ես ասացի, որ վարչապետը մարտի 3-ին է ինձ հրաժարականի մտադրություն ներկայացրել, դա մենք չենք արել նրա համար, որպեսզի ասենք՝ տեսեք մենք ինչ-որ քաղաքական ուժերի ճնշման տակ չենք այս բանն արել: Մենք, ուղղակի, մեր գործընկերներին, մեր հանրությանը զուտ ցանկանում ենք ասել, որ սա է եղել իրավիճակը»,– նախագահի խոսքն է մեջբերում պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Սարգսյանն ընդգծել է, որ վեց տարին երկար ժամանակահատված է վարչապետի համար:

«Ամենածանր, ամենատաժանակիր, միգուցե ճիշտ բառ չեմ ասում, բայց ամենաանշնորհակալ, կոնկրետ ժամանակահատվածի համար եմ ասում, աշխատանքն է: Ես շատ քիչ եմ աշխատել այդ պաշտոնում, բայց դա էլ բավարար է եղել, որպեսզի ծանրությունն զգամ: Այդպիսին է մեր իրավիճակը, ցավոք: Բայց կարծում եմ, որ մի քսան տարի հետո արդեն շատ ավելի հեշտ է լինելու շատ աշխատանքներ կատարելը»,- ասել է նախագահը:

Տիգրան Սարգսյանը զբաղեցրել է Հայաստանի վարչապետի պաշտոնը 2008 թվականի ապրիլից։

ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն, Հանրապետության Նախագահն ընդունում է Կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը:

Հանրապետության Նախագահի կողմից Կառավարության հրաժարականի ընդունումից հետո Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

Նույն հոդվածով սահմանվում է նաև վարչապետի նշանակման կարգը. Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: -0-