Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Ոստիկանությունը Երևանի Ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում գրանցված խախտումների 23 դեպք է քննում

05.05.2013, 12:35
ՀՀ ոստիկանությունում առավոտյան ժամը 10–ի դրությամբ քննվել և քննության գործընթացում է գտնվում խախտումների 23 դեպք, որոնք գրանցվել են Երևանի Ավագանու ընտրությունների ընթացքում անցկացված նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում, լրագրողներին տեղեկացրեց Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը։
Ոստիկանությունը Երևանի Ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում գրանցված խախտումների 23 դեպք է քննում
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանությունում առավոտյան ժամը 10–ի դրությամբ քննվել և քննության գործընթացում է գտնվում խախտումների 23 դեպք, որոնք գրանցվել են Երևանի Ավագանու ընտրությունների ընթացքում անցկացված նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում, լրագրողներին տեղեկացրեց Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը։

Երևանի Ավագանու ընտրություններն անցկացվում են մայիսի 5–ին։ Քվեարկությունը կտևի մինչև ժամը 20.00–ը։ Ընտրացուցակներում ներառված է 816475 մարդ։

Ըստ նրա` խախտումների ընդհանուր քանակից 11–ը նախընտրական կաշառքների դեպքեր են, 6–ը` նախընտրական քարոզարշավը խոչընդոտելու, 2–ը` ծեծկռտուքի և վեճի, 1–ական դեպք` լրագրողի գործունեության խոչընդոտում, ժողովների անցակացման խոչընդոտում, «լռության օրը» քարոզարշավի անցկացում, ինչպես նաև ընտրողի ազատ կամքարտահայտության խոչընդոտում։

«Երկու ահազանգերի հիման վրա արդեն քրեական գործեր են հարուցվել թեթև մարմնական վնասվածքներ հասցնելու և լրագրողի գործունեությունը խոչընդոտելու մեղադրանքով»,– ասաց նա։

Բացի այդ, ինչպես տեղեկացրեց Պետրոսյանը, ստուգման համար երկու նյութ է նախապատրաստվել և որոշում է կայացվել ընթացք չտալ գործին հիմնավորված չլինելու պատճառով, երեք դեպքերի առթիվ որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մերժման մասին` հանցակազմի բացակայության պատճառով, իսկ 16 նյութեր գտնվում են քննության գործընթացում։

Ընտրություններին մասնակցելու համար գրանցված են «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց Երկիր», Հայաստանի հանրապետական կուսակցության, Դաշնակցության, ինչպես նաև «Բարև, Երևան» կուսակցական դաշինքի ցուցակները։

Ավագանու խորհուրդը բաղկացած է 65 անդամից, ովքեր ընտրվում են բացառապես կուսակցական ցուցակներով։ Եթե կուսակցությունը կամ կուսակցական դաշինքը հավաքում է ձայների ավելի քան 50 տոկոսը, կուսակցական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում քաղաքապետին ընտրելու է Ավագանու ընտրված խորհուրդը։ Քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունքը պատկանում է Ավագանու խորհրդի մեջ մտնող խմբակցություններին։ Քաղաքապետն ընտրվում է Խորհրդի անդամների քվեարկությամբ։
Կուսակցությունների համար ընտրական պատնեշը սահմանվել է 6 տոկոս, կուսակցական դաշինքների համար`8 տոկոս մակարդակում։ –0–