Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Արցախի խորհրդարանի նախագահը Բեռլինում գերմանացի փորձագետներին ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը

03.04.2014, 13:20
ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունն այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում։  Պատվիրակության կազմում են ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը և ԳԴՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունն այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում։  Պատվիրակության կազմում են ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը և ԳԴՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:

Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, այցի ծրագրի շրջանակում պատվիրակությունն ապրիլի 1-ին այցելեց Պոտսդամում գտնվող Յոհան Լեփսիուսի տուն-թանգարան, որտեղ արցախցի բարձրաստիճան հյուրերին դիմավորեց հաստատության տնօրեն Ռոլֆ Հոսֆելդը։

Ներկայացնելով թանգարանի պատմությունը, գործունեության ուղղությունները և նպատակները, նա պատմեց նաև Հայոց Ցեղասպանությանը վերաբերող փաստերի հավաքագրմանը, դրանց մասին գերմանական և միջազգային հանրությանն իրազեկելու ուղղությամբ բողոքական եկեղեցու հոգևորական, հայ ժողովրդի մեծ բարեկամ Յոհաննես Լեփսիուսի գործադրած ջանքերի մասին:

ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահը գոհունակություն հայտնեց թանգարանի կողմից կատարվող աշխատանքի առթիվ, ապա, գրառում կատարելով հաստատության հյուրերի  պատվո գրքում, տնօրենի հետ քննարկեց հետագա համագործակցության հարցեր:

Օրվա երկրորդ կեսին Բեռլինի Եվրոպական ակադեմիայում տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղի դերն ու նշանակությունը Հարավային Կովկասի զարգացման գործում» խորագրով միջոցառում, որտեղ որպես գլխավոր բանախոս «Լեռնային Ղարաբաղն այսօր՝ ակնկալիքները, մտահոգությունները, հեռանկարները» թեմատիկ ելույթով հանդես եկավ Արցախի խորհրդարանի նախագահը:

Անդրադառնալով ԼՂՀ ձևավորման և կայացման գործընթացներին, նա իր խոսքում ներկայացրեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդի փուլը, շեշտեց, որ երկարատև խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարհը երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղ գոյակցության հիմքերի ստեղծումն է:
Միջոցառման երկրորդ հատվածում տեղի ունեցավ բանավեճ-քննարկում, որին, բացի Աշոտ Ղուլյանից, հրավիրված էին նաև գերմանական խորհրդարանի՝ Բունդեսթագի նախկին պատգամավոր Վոլֆգամգ Բյորնզեն, Գիտության և Քաղաքականության հիմնադրամից դոկտոր Ուվե Հալբախը  և Համբուրգի համալսարանից իրավաբանության պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդտը: Բանավեճը վարում էր ակադեմիայի տնօրեն պրոֆեսոր Էքարտ Շտրատենշուլտեն: Միջոցառմանը ներկա էր նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը:

Հրավիրված փորձագետները ներկայացրին իրենց տեսակետներն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի, տարածաշրջանային զարգացման հեռանկարների և այլ հարցերի վերաբերյալ: Այնուհետև բազմամարդ միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան բանախոսներին դիմել տարաբնույթ հարցերով, որոնց տրվեցին հարկ եղած  պատասխաններ և պարզաբանումներ:-0-