Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+17

ԵԽԽՎ ղեկավարը ցանկանում է Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հետ քննարկել ղարաբաղյան կարգավորման հարցը

24.06.2013, 14:23
ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը ցանկություն է հայտնել ադրբեջանական և հայկական պատվիրակությունների հետ քննարկել չճանաչված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ԵԽԽՎ ղեկավարը ցանկանում է Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հետ քննարկել ղարաբաղյան կարգավորման հարցը
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը ցանկություն է հայտնել ադրբեջանական և հայկական պատվիրակությունների հետ քննարկել չճանաչված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես կցանկանայի օգտվել հնարավորությունից և ադրբեջանական ու հայկական պատվիրակությունների հետ քննարկել այդ հարցը»,– ասուլիսի ժամանակ ասաց նա` պատասխանելով ղարաբաղյան խնդրի մասին հարցին։ Միաժամանակ Վեհաժողովի ղեկավարը չի պարզաբանել, թե երբ է մտադիր դա անել։

Մինյոնը հիշեցրել է ԵԽԽՎ–ի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հանձնաժողովի առկայության մասին։ Նա նշել է նաև, որ «միջնորդների Մինսկի խմբի կողմից մշակված մադրիդյան սկզբունքները հիմք են այդ ուղղությամբ աշխատելու համար»։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-