Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

ԵՄ–ին կամ ՄՄ–ին միանալու համար Կիևին հանրաքվե է հարկավոր, հաստատել է Յանուկովիչը

09.09.2013, 11:02
Եվրամիությանը և Մաքսային միությանը միանալու Ուկրաինայի որոշումը կարող է ընդունվել միայն հանրաքվեի արդյունքում, հաստատել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ԵՄ–ին կամ ՄՄ–ին միանալու համար Կիևին հանրաքվե է հարկավոր, հաստատել է Յանուկովիչը
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Եվրամիությանը և Մաքսային միությանը միանալու Ուկրաինայի որոշումը կարող է ընդունվել միայն հանրաքվեի արդյունքում, հաստատել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ինչ վերաբերում է հանրաքվեին, որի մասին մշտապես խոսում են և վախեցնում են բոլորին, ապա այն հարկավոր կլինի անցկացնել այն ժամանակ, երբ խոսք կլինի այս կամ այն միություն մտնելու մասին, ուր մենք պետք է տեղափոխենք մեր ինքնավար իրավունքների մի մասը, որոնք նախատեսված են սահմանադրությամբ։ Եվ այստեղ, իհարկե, միայն Ուկրաինայի ժողովուրդը կարող է նման որոշում ընդունել», – ասել է Յանուկովիչը «Ուկրաինա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը եթեր է հեռարձակվել կիրակի երեկոյան «Շաբաթվա իրադարձություններ» տեղեկատվական–վերլուծական ծրագրով։

Ուկրաինայի նախագահը չի բացառել, որ խորհրդարանը կարող է որոշ փոփոխություններ կատարել հանրաքվեի մասին օրենքում։

«Տեսեք, շատ երկրներ են հանրաքվեներ անցկացնում։ Օրինակ, դիտարկենք Շվեյցարիան, այն մի քանի տասնյակ հանրաքվեներ է անցկացնում տարբեր հարցերի շուրջ, այ սա է ինքնակառավարումը, սա է ժողովրդական իշխանությունը։ Մենք դեռ գործնականում չենք կիրառել այդ օրենքը։ Միգուցե այն կատարելագործման կարիք ունենա, սակայն այն պարտադիր պետք է գոյություն ունենա», – հայտարարել է Յանուկովիչը։

Օգոստոսի վերջին Յանուկովիչն արդեն հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է հանրաքվե անցկացնի ԵՄ–ին կամ ՄՄ–ին միանալու հարցերի շուրջ։

Ուկրաինան եվրաինտեգրումը ռազմավարական ուղղություն է հռչակել և նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ պատրաստվում է ստորագրել ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը, որի մի հատվածն ազատ առևտրի գոտու մասին դրույթն է։ Միաժամանակ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանն Ուկրաինային հրավիրում է Մաքսային միություն, և նրան արդեն դիտորդի կարգավիճակ է տրամադրվել, սակայն Կիևը հայտարարում է, որ պատրաստ չէ ամբողջովին միանալ ՄՄ–ին։–0–