Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքն է մեկնարկել ՊՆ–ում

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքն է մեկնարկել երկուշաբթի ՊՆ վարչական համալիրում, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված են նաև ԱՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հավաքի ընթացքում հանդես է եկել «Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները» թեմայով դասախոսությամբ:
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի հիմնական մարտահրավերները, արտաքին, այդ թվում՝ ռազմական բնույթի սպառնալիքները, տարածաշրջանային շահերի և հակամարտությունների ոլորտում առկա և հավանական զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի համար բարենպաստ բանակցային պայմաններ ապահովելու հիմնական գրավականները: -0-