Նոր Հաճնի կամրջի երթևեկելի մասը բացվել է երթևեկության համար (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոր Հաճնի կամրջի երթևեկելի մասն այսօր բացվել է երթևեկության համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։
Նշենք, որ սեպտեմբերին հիմնադրամը հայտնել է, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հրազդան գետի կիրճի վրայով անցնող Նոր Հաճնի կամուրջը։ Կամրջի ամբողջ երկարությունը 640մ է, լայնությունը` 14,5մ (երթևեկելի մաս և մայթեր՝ 1,5+11,5+1,5): Կամրջային անցումը բաղկացած է աջափնյա և ձախափնյա էստակադաներից, մետաղական թռիչքային կառուցվածքից: Կամրջի բարձրությունը Հրազդան գետի մակարդակից 121մ է: Կամուրջը երկհարկանի է: Ստորին հարկով անցնում է երկաթուղին, իսկ վերին հարկով՝ ավտոճանապարհը։
Հիմնանորոգման շրջանակում երթևեկելի մասից հանվում է վերին շերտը, որը վերականգնվելու է ասֆալտբետոնե նոր շերտով։ Թռիչքային կառուցվածքների և մայթերի վրա իրականացվելու է նաև ջրամեկուսացում, կառուցվելու է դրենաժային համակարգ, կատարվելու են ներկման և այլ աշխատանքներ։