Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

2024թ.–ի հունվարի 1–ից երկրից դուրս գալիս անձնագրում կլոր կնիք ունենալու կարիք չի լինի

22.09.2023, 11:43
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց համապատասխան որոշմանը
2024թ.–ի հունվարի 1–ից երկրից դուրս գալիս անձնագրում կլոր կնիք ունենալու կարիք չի լինի
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ քաղաքացիները 2024 թվականի հունվարի 1-ից օտարերկրյա պետություններ մեկնելիս անձնագրերում կլոր կնիք ունենալու կարիք չեն ունենա:

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց համապատասխան որոշմանը։

«Այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների անձնագրերի 4-րդ էջում առկա է կլոր կնիք, որը վկայում է օտարերկրյա պետություններում մեր քաղաքացիների անձնագրերի վավերականության մասին: Այսինքն՝ սա ենթադրում է վավերականության նշում, սակայն, ընդհանուր առմամբ, այն չի հատվում անձնագրերի ընդհանուր վավերականության ժամկետի հետ: Տարիներ շարունակ այս կլոր կնիքը նպատակ է հետապնդել մուտք ու ելքի հետ կապված հարցերը կարգավորել»,-ասաց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Նա նշեց, որ այժմ կա նույնականացման քարտերի ինստիտուտը, այլ գործիքակազմեր ևս, որոնք մի շարք ռիսկեր կառավարելի են դարձնում: Եվ կլոր կնիքի նշանակությունն, ըստ էության, իմաստազրկվում է:

«Եվ չնայած դրան՝ այդ պահանջն անձնագրային ծառայություններում հանգեցնում է հերթերի, բարդացնում քաղաքացիների կյանքը: Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վերաբերելի բոլոր դրույթները: Քանի որ սա չի վերաբերում միայն ներպետական ընթացակարգին, այլ նաև այլ երկրների հետ հարաբերություններին, սահմանվել է եռամսյա իրազեկման ժամկետ, որ ԱԳՆ-ն օտարերկրյա պետություններին իրազեկի, և ՀՀ քաղաքացիները օտարերկրյա պետությունների սահմանային անցման կետերում այս առումով որևէ խնդրի չբախվեն», – նշեց փոխնախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ իր մոտ միշտ հարց է առաջացել՝ ինչպես է լինում, որ քաղաքացին անձնագիր ունի, ուժի մեջ է, բայց այն վավերական չէ:

«ՀՀ քաղաքացիները 2024թ. հունվարի 1-ից այլևս որևէ կնիք ունենալու անհրաժեշտություն չունեն»,- ասաց նա։–0–