Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+15

Հայաստանը փոխել է Եվրատեսիլ-2015 մրցույթի Don’t deny երգի վերնագիրը. այն այժմ կոչվում է Face the Shadow

17.03.2015, 13:09
Հայաստանը փոխել է Եվրատեսիլ-2015 մրցույթին ներկայացվելիք Don’t deny («Մի՛ ժխտիր») երգի վերնագիրը, այն արդեն կկոչվի “Face the Shadow” (թարգմանաբար` «Առերեսվի՛ր ստվերին»), ասվում է Genealogy խմբի Facebook-ի պաշտոնական էջում հրապարակված հայտարարությունում։

Հայաստանը փոխել է Եվրատեսիլ-2015 մրցույթի Don’t deny երգի վերնագիրը. այն այժմ կոչվում է Face the Shadow
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը փոխել է Եվրատեսիլ-2015 մրցույթին ներկայացվելիք Don’t deny («Մի՛ ժխտիր») երգի վերնագիրը, այն արդեն կկոչվի “Face the Shadow” (թարգմանաբար` «Առերեսվի՛ր ստվերին»), ասվում է Genealogy խմբի Facebook-ի պաշտոնական էջում հրապարակված հայտարարությունում։

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երեկ կայացել է «Եվրատեսիլ-2015»-ի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպումը։ Ներկա են եղել մասնակից բոլոր 40 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում` Հայաստանը:

«Եվրատեսիլի» կազմակերպիչները հաստատել են Հայաստանի մասնակցությունը մրցույթին: Հայկական երգը կներկայանա նոր խորագրի ներքո “Face the Shadow”։  Այս փոփոխությունը միտված է հետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում, ինչպես նաեւ ուժեղացնելու խաղաղության, սիրո և միասնության գաղափարը:

Հայաստանն այս տարի մրցույթում կներկայացնի Genealogy խումբը։ Խմբում ներառվել են հինգ մայրցամաքներում և Հայաստանում բնակվող հայ երգիչներ։ Խմբի վեց մասնակիցներն են` ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը (Essaï), երգչուհի Թամար Կապրելյանն ԱՄՆ–ից, Աֆրիկան ներկայացնում է եթովպահայ երգիչ Վահե Թիբլյանը (Vahe Tilbian), Ասիան ներկայացնում է Ստեֆանի Թոփալյանը (Stephanie Topalian) Ճապոնիայից, Ավստրալիան` օպերային երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը (Mary-Jean O'Doherty (Vasmatzian) և Հայաստանը` Ինգա Արշակյանը։

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։ Այդ կարգախոսը խորհրդանշում է բոլորին միավորող Եվրոպան, քանի որ կազմակերպիչները կարծում են, որ «Եվրատեսիլը» մշակույթներ և լեզուներ է միավորում։

Մրցույթի տարբերանշանն այս տարի ունի թափանցիկ մոլորակի տեսք, որի վրայով անցնում են կամուրջներ` ներկայացնելով տարբեր երկրների առանձնահատկություններն ու արտիստների ընդհանրությունները։

Այս տարի մրցույթին կմասնակցի 39 երկիր` Հայաստանը, Ալբանիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Մակեդոնիան (նախկին Հարավսլավիայի մասն է), Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան։

Մի քանի երկրներ, այդ թվում` Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիան և Հերցեգովինան, Սլովակիան, Թուրքիան, Լիխտենշտեյնը և Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին։

«Եվրատեսիլ-2015» մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 19–ին և 21–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23–ին։ Հայաստանը հանդես կգա առաջին կիսաեզրափակիչում։--0--