Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը մարտակոչով դիմել է հայրենակիցներին

27.09.2020, 09:13
«Մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը: Մեզ հետ է արդարությունը: Մեզ հետ է Աստված: Հաղթանակը մե՛րն է լինելու»․ ՊԲ հրամանատար
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը մարտակոչով դիմել է հայրենակիցներին

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը մարտակոչով դիմել է հայրենակիցներին։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հայրենակիցներ, 2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին՝ կարծելով, թե այդ ճանապարհով կարողանալու է հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ  հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ:  Այս պահին ՊԲ  ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: Այդ ծրագրերը մեզ հայտնի են վաղուց, դրանց էությունը կարելի է արտահայտել մի բառակապակցությամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստանը»,-ասել է նա:

Հարությունյանը վստահեցրել է, որ այս անգամ ևս հակառակորդը  ձախողվելու է: Հաղթանակը հեշտ չի տրվելու: Իր բնույթին հավատարիմ՝ հակառակորդը թիրախավորելու է խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը,  նա տարբերություն չի դնելու զինվորի ու մանկահասակ երեխայի, հոգևորականի ու տարեց կնոջ, հասուն տղամարդու և անօգնական ծերունու միջև. նրա թիրախը բոլորս ենք: Հաղթանակը պահանջելու է ուժերի գերլարում և երկաթակուռ միասնություն: Հիմա մի կողմ պետք է դրվեն բոլոր տարակարծությունները, բոլոր տեսակետները, բոլոր  կարծիքները: Մեր նպատակը մեկն է՝ ջախջախել հակառակորդին բոլոր հնարավոր միջոցներով, խորտակիչ հարվածներ հասցնել նրա զինված ավազակախմբերին, ոչնչացնել նրա ռազմական ենթակառուցվածքը,  անհրաժեշտության դեպքում նաև ընդարձակել անվտանգության գոտին ու պարտադրել վերջնական խաղաղություն:

Նրա խոսքով, այդ խնդիրը կատարելու համար պետք է մեկտեղվեն բոլորիս ջանքերը:

«Մեր հաղթանակն այլընտրանք չունի. մենք պաշտպանում ենք մեր նախնիների շիրիմներն ու մեր երեխաների ապագան: Մենք պաշտպանում ենք մեր նախնիների հողի վրա  ապրելու իրավունքը: Մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը: Մեզ հետ է արդարությունը: Մեզ հետ է Աստված: Հաղթանակը մե՛րն է լինելու»,- գրել է ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:-0-