Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

ԱՆ-ն հերքել է Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության դեպքերի առկայության մասին լուրերը

23.05.2022, 09:44
Կապիկի ծաղիկը նոր հիվանդություն չէ, այն հայտնի է 1958 թվականից, երբ հայտնաբերվեց փորձերի նպատակով Եվրոպա տեղափոխված կապիկների շրջանում, որտեղից էլ առաջացավ հիվանդության անվանումը
ԱՆ-ն  հերքել է Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության դեպքերի առկայության մասին լուրերը
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարարությունը հերքել է Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության դեպքերի առկայության մասին լուրերը:

«Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։ Կոչ եմ անում անհատ օգտատերերին տելեգրամյան ալիքներով ապատեղեկատվություն չտարածել», - նշել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը Facebook-յան իր էջում։

Ինչպես Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, «Հերացի» վերլուծականը, ԵՊԲՀ առաջատար համաճարակաբանների հետ համատեղ ամփոփել է ներկայում հասանելի տեղեկատվությունը կապիկի ծաղիկի բռնկման վերաբերյալ:

Կապիկի ծաղիկը նոր հիվանդություն չէ, այն հայտնի է 1958 թվականից, երբ հայտնաբերվեց փորձերի նպատակով Եվրոպա տեղափոխված կապիկների շրջանում, որտեղից էլ առաջացավ հիվանդության անվանումը:

Կապիկի ծաղիկի վիրուսը համարվում է էնդեմեկ՝ բնորոշ կոնկրետ աշխարհագրական տեղանքին, մասնավորապես Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկային, զոոնոզ՝ կենդանուց մարդուն փոխանցվող վիրուսային հիվանդություն, որի հարուցիչը պատկանում է 1979 թվականից վերացված բնական ծաղիկի վիրուսի խմբին:

Մարդկանց շրջանում առաջին դեպքերը հայտնաբերվել են 1970 թվականին: Վերջին չորս տարիներին Եվրոպական տարածաշրջանում հայտնաբերվել էր կապիկի ծաղիկի 7 դեպք, հիմնականում էնդեմիկ երկրներից վերադարձաց ճանապարհորդների շրջանում:

Ամբողջ աշխարհում՝ 2022 թվականի մայիսի 21-ի դրությամբ, հաստատվել է ավելի քան հիվանդության 75 դեպք, որից առնվազն 18-ը հոսպիտալացվել են: Եվրոպական տարածաշրջանում հաստատված 37 դեպքում բացակայում էր Աֆրիկյան մայրցամաք ճանապարհորդելու պատմութուն, որն էլ համարվում է ընթացիկ բռնկման առանձնահատկությունը: Դեպքերի գերակշռող մասը հաստատվել էր Պորտուգալիայում՝ 23 և Իսպանիայում՝ 30:

Կենդանուց մարդուն վարակը փոխանցվում է անմիջական ֆիզիկական շփման ժամանակ՝ կոնտակտային մեխանիզմով (մաշկի և լորձաթաղանթների ամբողջականության խախտում), այդ թվում նաև վարակված կենդանու մսի միջոցով: Մարդուց մարդուն վարակը փոխանցվում է օդակաթիկային ճանապարհով՝ տևական դեմ առ դեմ շփման ընթացքում, ինչպ նաև նույն պես կոնտակտային մեխանիզմով, այդ թվում նաև վարակակրի կենցաղային իրերի միջոցով:

Կապիկի ծաղիկը համարվում է ավելի թեթև հիվանդություն, քան բնական ծաղիկը, դեպքերի գերակշռող մասն ընթանում են առանց բարդությունների: Ծանր դեպքերի հավանականությունը տատանվում է 1-10%, առավել ռիսկային են համարվում երեխաները, երիտասարդները և թուլացած իմունային համակարգ ունեցող անհատները:

«Հիվանդության ախտանշաններն են բարձր ջերմությունը, գլխացավը, մկանային ցավը, այտուցված ավշային հանգույցները, դողը և ընդհանուր թուլությունը: Վերոնշյալ ախտանշաններին սովորաբար հաջորդում է ցանավորումը, որը սովորաբար սկսվում է դեմքի հատվածից այնուհետև տարածվելով մարմնի այլ մասերի վրա: Ցանն անցնում է տարբեր փուլեր՝ վերածվելով հեղուկով լցված բշտիկների, այնուհետև չորանալով և անհայտանալով մարդու մաշկից: Վերանալուց հետո մարդը այլևս վարակիչ չէ: Հիվանդության ընդհանուր տևողությունը 2-4 շաբաթ է», - նշել է Մուրադյանը:

Բնական ծաղիկի դեմ պատվաստանյութը շուրջ 85%-ով արդյունավետ է նաև կապիկի ծաղիկի դեմ, իսկ նախկինում բնական ծաղիկի դեմ պատվաստված անձիք համարվում է, որ ավելի պաշտպանված են այս հիվանդության նկատմամբ: Նշենք, որ 1980 թվականից ի վեր զանգվածային պատվաստումներ բնական ծաղիկի դեմ այլևս չեն իրականացվել:

Ներկայում առկա է նաև վարակի բուժման համար նախատեսված հակավիրուսային դեղամիջոց (tecovirimat), որի կիրառումն արտոնագրվել է Եվրոպական բժշկական ասոցիացիայի կողմից (European Medical Association):


«Ընդհանուր առմամբ, բնակչության համար հիվանդանալու վտանգը ներկայում գնահատվում է ցածր, անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներից են հիգիենայի, այդ թվում նաև ռեսպիրատոր կանոնների խստիվ պահպանումը, ինչպես նաև հիվանդությանը բնորոշ ախտանշանների դեպքում անմիջապես դիմելը բուժօգնության», - եզրափակել է Մուրադյանը:-0-