Ապամոնտաժվել են Շենգավիթում և Աջափնյակում մեկ գիշերվա մեջ տեղադրված ապօրինի կրպակները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./ԱՌԿԱ/. Նախօրեին երեկոյան, Երևանի քաղաքապետի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
«Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան և Հասրաթյան փողոցներում Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները, ՀՀ ոստիկանության ուժերի գործուն աջակցությամբ ապամոնտաժել են համայնքի հողի վրա վերջին օրերին՝ հիմնականում գիշերային ժամերին կառուցված ապօրինի կրպակները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ինքնակամ կառուցված կրպակներ են քանդվել նաև Շենգավիթ վարչական շրջանում:
Որոշ հասցեներում ինքնակամ կառույնցների սեփականատերերը խոստացել են խիստ սեղմ ժամկետներում սեփական միջոցներով քանդել ապօրինի կառույցները:
Քաղաքապետարանից զգուշացնում են, որ հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակական է լինելու:
Երևանի քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը և զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից:
Նախօրեին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում գործում են կրիմինալ խմբավորումներ։ 40–50 հոգուց բաղկացած խմբավորումները մեկ գիշերում բազմաթիվ ապօրինի կրպակներ են տեղադրել առանց քաղաքապետարանի թույլտվության։–0–