Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Արցախցիներին դրամական աջակցություն կտրամադրվի․ բայց կան բացառություններ

09.11.2023, 13:33
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց արցախցիներին տրամադրվող դրամական աջակցության կարգը
Արցախցիներին դրամական աջակցություն կտրամադրվի․ բայց կան բացառություններ
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց արցախցիներին տրամադրվող դրամական աջակցության կարգը։

Նա նշեց, որ առաջարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար իրականացնել երկամսյա սոցիալական աջակցությություն՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամսիների համար՝ ամսական 50 հազար դրամի չափով։

Նրա խոսքով՝ միջոցառման շահառու կդառնան 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության շահառու հանդիսացող անձինք՝ որոշ բացառություններով։

«Հատկապես միջոցառման շահառու չեն հանդիսանա հյուրանոցներում ու հյուրատներում ժամանակավոր բնակվող, ՀՀ-ում չգտնվող և բանկային հաշիվներում երկու միլիոն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձինք»,- ներկայացրեց նախարարը։

Նարեկ Մկրտչյանը հստակեցրեց՝ խոսքը ոչ թե ընտանիքի անդամների, այդ թվում՝ երեխաների մասին է, այլ հենց այն անձանց, որոնք ունեն այդ դրամական միջոցները։

«Բացառություն կկազմեն Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուցոմ ստացող անձինք։ Ծրագրից չեն կարող օգտվել մինչև տեղահանումը Հայաստանում հաշվառվածները։ Ծրագրի համար դիմողը դիմում լրացնելիս կտա իր բանկային հաշիվների հանրագումարային մնացորդները ստուգելու համաձայնություն, որի արդյունքում ԿԲ–ն կպարզի մնացորդը և սահմանված շեմը չգերազանցող անձանց մասով կկատարվեն վճարումները», – պարզաբանեց նախարարը։

Նա նշեց, որ դրամական աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել մեկանգամյա էլեկտրոնային դիմում, դիմումները կընդունվեն եկող շաբաթվանից սկսած։ Վճարումներն իրականացվելու են անկանխիկ եղանակով։

Նախագծի ընդունման դեպքում հարկ կլինի ՀՀ պետական բյուջեից պահուստային ֆոնդից 2023թ․–ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար հատկացնել շուրջ 10 մլրդ դրամ։–0–