Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

Արցախում 20–ամյա զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդուն

04.02.2020, 18:17
Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Դ.Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար
Արցախում 20–ամյա զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդուն

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./ԱՌԿԱ/. Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. Մ.-ին մեղադրանք է առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այս մասին հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պետ Նաիրա Հարությունյանը։

«Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Դ.Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար», – նշվում է Հարությունյանի գրառման մեջ:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել էր, որ Դ. Մովսիսյանը նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է։

Արցախում մահացած 20-ամյա զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներն ու համագյուղացիները կիրակի Էջմիածնից Երևան երթ են կազմակերպել՝ դեպքի արդար քննություն կատարելու պահանջով։

ՀՀ Քննչական կոմիտեի տվյալներով՝ հունվարի 30-ին Վահրամ Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը։

Զինվորի հարազատներն ու համագյուղացիները չեն հավատում Ավագյանի ինքնասպանության վարկածին՝ ասելով, որ նա հոգեպես կայուն և հանգիստ տղա է եղել և առողջական խնդիրներ չի ունեցել։

Երթի մասնակիցները ցանկացել են տղայի դին հասցնել Երևան։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է մահացած զինծառայողի հորը` համոզելով նրան հուղարկավորել որդուն։ Դավիթ Տոնոյանն ու ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը մասնակցել են զինծառայողի հուղարկավորությանը։

Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում սկզբում քրեական գործ էր հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով (պատիժը՝ ազատազրկում 3 տարի ժամկետով), սակայն այսօր հայտնի դարձավ, որ գործը վերաորակվել է այլ հոդվածով։

Ինչպես իր Facebook-յան էջում նշել է Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պետ Նաիրա Հարությունյանը, դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:–0–