Рейтинг@Mail.ru
USD
396.41
EUR
409.45
RUB
4.0918
GEL
142.69
2025 թ. փետրվարի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքով քաղաքացին մասնակցել է ընտրությունների քվեարկությանը

08.04.2020, 16:16
Ընտրատեղամասերում գտնվող քաղաքացիները, այդ թվում՝ հանձնաժողովի անդամները, եղել են պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով
Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքով քաղաքացին մասնակցել է ընտրությունների քվեարկությանը
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./ԱՌԿԱ/. Արցախում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքով մեկուսացված քաղաքացին մարտի 31-ին` օրվա երկրորդ կեսին, մասնակցել է համապետական ընտրությունների քվեարկությանը, սակայն եղել է դիմակով, անհատական գրիչով, օգտվել է ախտահանիչ հեղուկներից, իսկ այդ պահին ջերմություն կամ որևէ այլ ախտանիշ չի ունեցել, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Ընտրատեղամասերում գտնվող քաղաքացիները, այդ թվում՝ հանձնաժողովի անդամները, եղել են պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով:

Ժամը 14:00-ի դրությամբ, նախքան վերոնշյալ քաղաքացու մասնակցությունը քվեարկությանը, գյուղում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներից 50-ն արդեն քվեարկել էին. օրվա երկրորդ կեսին մասնակցել է ընդամենը 20 քաղաքացի, այդ թվում՝ հետագայում մեկուսացված քաղաքացին:

Օրվա ընթացքում բոլոր քաղաքացիներն ու ընտրատեղամասում գտնվող անձինք եղել են պաշտպանիչ դիմակներով, ձեռնոցներով, անհատական գրչիներով՝ և օգտվել են ախտահանիչ հեղուկներից:

«Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նախօրեին Արցախում գրանցվեց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի հաստատման դեպքով պայմանավորված, նրա հետ հնարավոր շփում ունեցած քաղաքացիների թիվը 20-ն է (այս թիվը ներառում է նրա հետ շփված մարդկանց ընտանիքի անդամներին), սակայն գյուղի բնակիչներն, ապահովության նկատառումներից ելնելով, ամբողջությամբ ինքնամեկուսացված են:

Վարակված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է կայուն, ներկա պահին անհանգստացնող բան չկա:–0–