Արդշինբանկը՝ Վլադիմիր Սպիվակովի համերգի էքսկլյուզիվ հովանավոր (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Արդշինբանկը Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից ի աջակցություն «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տրված բարեգործական համերգի էքսկլյուզիվ հովանավորն է: Համերգը տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին, Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Այս համերգով մեկնարկեց «Հայաստան 301» նոր նախագիծը, որի նպատակն է աշխարհի հայությանը համախմբել «Զինվորի տան» շուրջ, մեր հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինվորներին բազմակողմանի (բժշկական, սոցիալական, կրթական, նյութական) օգնություն ցուցաբերելու գաղափարի շուրջ։ Համերգից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ կենտրոնը ստեղծվել է 2018 թ., «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի, Երևանի պետական բժշկական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ։ Կենտրոնին մեծապես աջակցում են տարբեր կազմակերպություններ և անհատ բարերարներ: Կենտրոնի գործընկերներից է նաև Արդշինբանկը։
Ինչպես նշում է վարչության նախագահ Արտակ Անանյանը. «Արդշինբանկը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի հետ համագործակցում է դրա գործունեության գրեթե առաջին օրերից։ Սա մեծ սոցիալական ծրագիր է, որին մենք շարունակաբար աջակցում ենք։ Այսօրվա միջոցառումը բանկի ևս մեկ ներդրումն է մեր հերոսների վերականգնողական կենտրոնին աջակցելու համագործակցության շրջանակներում: Մեր մեծ շնորհակալությունը Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած նվագախմբին: Մեր մեծ երախտագիտությունն ենք հայտնում մաեստրո Սպիվակովին, ով իր գործունեությամբ երկար տարիներ աջակցում է հայ ժողովրդին։ Մաեստրոյի համերգները Հայաստանում միշտ տոն են»:
Համերգից հետո, դիմելով ներկաներին, Վլադիմիր Սպիվակովը մասնավորապես ասաց. «Մենք բոլորս երազում ենք խաղաղության մասին և երջանիկ ենք ձեզ հետ այսօր այստեղ լինելու համար: Մենք եկել ենք Երևան՝ աջակցելու Զինվորի տուն վերականգնողական կենտրոնին՝ այս իսկապես եզակի նախագծին։ Ես շատ եմ ցանկանում, որ նման տներ ստեղծվեն նաև մեզ մոտ՝ Ռուսաստանում։ Հիմա դժվար ժամանակներ են, բայց այս դժվարին ժամանակներում ես միշտ ձեր կողքին կլինեմ: Չմոռանանք, որ իրերը ստեղծված են օգտագործելու համար, իսկ մարդիկ՝ նրա համար, որ իրենց սիրեն»:
Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:38 28.11.2022