Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Աշնանային արձակուրդները երկարաձգվեցին, բացառությամբ 12–րդ դասարանցիների

27.10.2020, 11:29
Աշնանային արձակուրդները երկարաձգվեցին, բացառությամբ 12–րդ դասարանցիների
Աշնանային արձակուրդները երկարաձգվեցին, բացառությամբ 12–րդ դասարանցիների
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով։

Ինչպես հաղորդում է ԿԳՄՍՆ–ն, հաշվի առնելով համավարակի տարածմամբ ստեղծված իրավիճակը և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել երկարաձգել աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ, բացառությամբ 12-րդ դասարանցիների, որոնք հոկտեմբերի 30-ից կշարունակեն ուսումնառությունը հեռավար ձևաչափով և ուսումնական տարին կավարտեն ինչպես նախատեսված էր՝ հունիսի 4-ին։

«1-11-րդ դասարանցիների համար ուսումնական տարվա ավարտը կսահմանվի հունիսի 18-ը. առաջին կիսամյակն առաջարկվում է ամփոփել հունվարի 31-ին։ Նոյեմբերի 12-ից հետո, կախված համաճարակային իրավիճակից, քննարկվում է ուսումնական գործընթացը երկու ձևաչափով անցկացնելու հնարավորությունը։ Համաճարակային անբարենպաստ իրավիճակի դեպքում տարրական դասարաններում կիրականացվի առկա ուսուցում՝ անկախ դպրոցի տեղակայման վայրից, պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները, իսկ միջին և ավագ դասարաններում` հեռավար ուսուցում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Այն բնակավայրերում և համայնքներում, որտեղ չի գործում հանրային տրանսպորտ, առկա ուսուցում կիրականացվի նաև միջին և ավագ դասարաններում՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները։

Համաճարակային բարվոք իրավիճակի դեպքում ամբողջությամբ կիրականացվի առկա ուսուցում՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները։ Մինչև նոյեմբերի 12-ը չեն գործի նաև նախադպրոցական հաստատությունները, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցները։ Ուսումնարանները, քոլեջները և բուհերը կշարունակեն գործել հեռավար և առցանց ուսուցման ձևաչափով։–0–