Ավինյանը կոչ է արել ՀՀ քաղաքացիներին անպայման հետևել նոր սահմանափակումներին. տեղի է ունեցել պարետատան նիստը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը: Այս մասին նշվում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում:
Ավինյանը հիշեցրել է ՀՀ ամբողջ տարածքում արդեն իսկ գործող տնտեսական գործունեության տարբեր տեսակների, ինչպես նաև մարդկանց տեղաշարժի նկատմամբ նոր սահմանափակումների մասին:
«Ըստ այդ որոշումների տնից դուրս գալիս մարդիկ պետք է լրացնեն և իրենց հետ ունենան մի թերթիկ, որը կարող են ձեռագիր լրացնել, որտեղ գրված կլինեն տվյալները թե որտեղից է դուրս գալիս մարդը, ուր է գնում, երբ է դուրս գալիս, երբ է վերադառնալու: Եվ, անպայման, կրեն իրենց հետ անձնագիր կամ նույնականացման քարտ, որովհետև այսօրվանից ՀՀ-ում գտնվող բոլոր անձինք համարվում են ինքնամեկուսացված, բացառությամբ այն դեպքերի, որոնք սահմանվել են նույն որոշմամբ: Այն է՝ եթե նրանք գնում են աշխատանքի՝ եթե իրենց աշխատանքի տեսակը արգելված չէ, եթե գնում են խանութ, եթե գնում են դեղատուն, եթե գնում են անձի մոտ, ով խնամքի կարիք ունի: Շատ կարևոր է, որ այդ տեղեկատվությունը թերթիկի վրա լրացված լինի և նույնականացման քարտը կամ անձնագիր լինի անձի մոտ, քանի որ այլ պարագայում ինքնամեկուսացման ռեժիմի խախտումը արդեն իսկ տուգանվում է Վարչական օրենսգրքով»,- նշել է պարետը:
Նա հիշեցրել է, որ երկուշաբթի օրենքն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և կոչ արել քաղաքացիներին անպայման հետևել այս սահմանափակումներին, լուրջ վերաբերվել այս իրավիճակին և տալ ժամանակ որպեսզի կառավարությունն ունենա հնարավորություն արդիականացնելու իր գործիքակազմը՝ կորոնավիրուսի դեմ պայքարը էլ ավելի արդյունավետ դարձնելու համար:
Նիստին նշվել է, որ այսօր միգուցե որոշ հավելյալ խստացումներ նույնպես քննարկվեն մինչև մարտի 31-ը:
«Արդեն իսկ գործում է սահմանափակումը, որ մարդատար ավտոմեքենաներում երկու անձից ավել չեն կարող տեղափոխվել և պետք է խնդրեմ, որպեսզի Ճանապարհային ոստիկանությունը խստորեն հետևի այս որոշմանը: Մենք մինչև մարտի 31-ը հնարավորինս պետք է փորձենք նվազեցնել մարդկանց տեղաշարժը և շարունակենք արդյունավետ կերպով կանխարգելել, գտնել այդ շղթաները և այդ շղթաներով կարողանալ վիրուսի հետքը մեր տեսադաշտում պահել, որպեսզի նաև կարողանանք արդյունավետ պայքարել դրա հետագա տարածման դեմ»,- ընդգծել է պարետը:
Նիստի մասնակիցներն անդրադարձել են կիրառվող սահմանափակումների վերահսկողության մեխանիզմներին, մթերային խանութներում և սուպերմարկետներում կուտակումներից խուսափելուն վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, ՀՀ կառավարությունը մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարել է արտակարգ դրություն երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։
ՀՀ-ում այս պահին հաստատվել է կորոնավիրուսով վարակման 265 դեպք, 16 մարդ առողջացել է: -0-