Բադասյան. ամուսնության բացակայության մասին տեղեկանքը այսուհետ կարելի է ստանալ էլեկտրոնային տարբերակով (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./ԱՌԿԱ/. Ամուսնության բացակայության մասին տեղեկանքը այսուհետ կարելի է ստանալ էլեկտրոնային տարբերակով։
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը կամ ինչպես հաճախ ասում ենք ամուսնության բացակայության մասին տեղեկանքը, որը հիմնականում ահրաժեշտ է Հայաստանի տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար, այսուհետ կարող եք ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով։ Արդարադատության նախարարությունը գործարկել է e-services.moj.am հարթակ, որի արդյունքում այլևս հարկավոր չէ այցելել Նախարարություն, իսկ արտասահմանում գտնվելու դեպքում՝ հյուպատոսություն, կամ լիազորագիր և հայտարարություն ուղարկել՝ տեղեկանքը ստանալու համար», – նշել է նախարարը։
Հարթակից օգտվելու մանրամասներին կարել է ծանոթանալ տեսանյութից։
«Ես խոստանում եմ, որ Արդարադատության նախարարությունը շարունակելու է թվային լուծումների միջոցով մեր հայրենակիցների կյանքը հեշտացնելուն ուղղված աշխատանքները», – գրել է Բադասյանը։–0–