Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

3 զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է դիրքի ավագը.ՔԿ–ն նոր, սարսափելի մանրամասներ է հայտնել

23.08.2021, 14:06
Դիրքի ավագը ձերբակալվել է՝ ապօրինաբար դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով
3 զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է դիրքի ավագը.ՔԿ–ն նոր, սարսափելի մանրամասներ է հայտնել
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է երեք զինծառայողների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

«Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, տվյալներ են ձեռք բերվել՝ ևս մեկ ժամկետային զինծառայողի՝ դիրքի ավագի՝ դեպքին առնչություն ունենալու վերաբերյալ: Վերջինս ձերբակալվել է՝ ապօրինաբար դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում, հայտնաբերվել են նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով:

Նշված հանցագործությունը կատարելու՝ ապօրինաբար դիտավորությամբ վերոհիշյալ զինծառայողներին կյանքից զրկելու կասկածանքով ավելի վաղ ձերբակալվել էր նրանց համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ-ն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանություն): Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որն օգոստոսի 22-ին բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–