Ղազախստանի Ալմաթի քաղաքից իրականացվել է Ալմաթի-Թբիլիսի-Երևան չարթերային չվերթ

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․ /ԱՌԿԱ/․ Ղազախստանում ՀՀ դեսպանությունը Տեղեկացնում է, որ ս.թ. մայիսի 6-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքի միջազգային օդանավակայանից դեպի Երևան ուղղություն է վերցրել Авиакомпания «SCAT» ավիաընկերության օդանավը:
Ալմաթի-Թբիլիսի-Երևան չարթերային չվերթով Երևան է վերադառնում 35 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից տարահանված 4 ՀՀ քաղաքացի:
«Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները ենթակա են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի, այն է՝ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր»,- ասվում է դեսպանության Facebook-յան էջում։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Ղազախստանում ՀՀ դեսպանությունը խորին շնորհակալություն է հայտնում Ղազախստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարություններին, Ղազախստանի և Ղրղզստանի հայկական համայնքային կառույցներին, ինչպես նաև անհատ բարերարներին, որոնք աջակցություն ցուցաբերեցին ՀՀ քաղաքացիների տարահանման գործում:-0-