Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Գործ ունենք կորոնավիրուսի 2–րդ ալիքի հետ, վարչական լծակները ավելի կխստացվեն, կիրականացվեն ռեյդեր (ՎԻԴԵՈ)

26.05.2020, 20:20
Փաշինյան. Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ հաստատվել է բավականին ծանր վիճակ. ՎԻԴԵՈ
Գործ ունենք կորոնավիրուսի 2–րդ ալիքի հետ, վարչական լծակները ավելի կխստացվեն, կիրականացվեն ռեյդեր (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ հաստատվել է բավականին ծանր վիճակ։

Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ընթացքում։

«Կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք», – ասաց Փաշինյանը` նշելով, որ պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին, բովանդակային առումով էֆեկտիվ են և խնդիրը մնում է այդ կանոնների պահպանումը:

«Մենք խնդիր ունենք կանոնների պահպանման որակի հետ: Կա մի համընդհանուր կանոն՝ դա ձեռքերի պարբերաբար ախտահանումն է, դիմակի կրումը՝ հնարավորինս լայնորեն, երրորդ՝ սոցիալական հեռավորության պահպանումը: Մենք վստահ ենք, որ այս կանոնների պահպանման դեպքում մեր համաճարակային վիճակը ոչ միայն կբարելավվի, այլ կձգտի զրոյին»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ չեն զլանա վարչական հարկադրանքի միջոցներ կիրառել:

«Մինչ այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն, այսօր արդեն սկսվել են ռեյդեր հանրապետության ամենատարբեր հատվածներում՝ սկսած ֆիզիկական անձանցից, ավարտված իրավաբանական անձանցով, տնտեսվարողներով: Խստացված ստուգումներ կիրականացվեց միջմարզային ճանապարհներին, անցակետեր կսահմանվեն, որպեսզի ստուգվի, թե արդյո՞ք ավտոմեքենայում գտնվող բոլոր քաղաքացիները կրում են դիմակներ, և երբ կանոնները կխախտվեն, կկիրառվեն վարչական պատասխանատվության խստագույն մեթոդները», – ընդգծեց Փաշինյանը։

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն իր հերթին չբացառեց որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը և առանձին համայքներում դա սահմանելը՝ ինչպես Սևանում, Արենիում է սահմանվել:

«Վարչական առումով կրկին լինելու են խստացումներ»,-ասաց նա:

«Մենք նաև քննարկել ենք մեր թեստավորման քաղաքականության որոշակի փոփոխությունները և մասնավոր լաբորատորիաներին ներգրավելու հարցը և հնարավոր է որոշ ժամանակ անց թեստավորման շարունակական ավելացման պրոցեսը ավելի մեծ ծավալների կհասնի», – ասաց Ավինյանը։

Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք, որոնցից 3220-ն` առողջացած, 91-ը` մահվան ելքով:––