Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

ՀԲ–ն 2020թ.–ին Հայաստանում և մի շարք այլ երկրներում կանխատեսում է աշխատունակ բնակչության մասնաբաժնի նվազում

09.10.2019, 14:29
ՀԲ–ն նշում է, որ բնակչության արագ ծերացումը լրջորեն ազդում է աշխատաշուկայի վրա։ Չնայած երկրների մեծամասնությունում 20–65 տարեկան բնակչության մասնաբաժինն աստիճանաբար ավելանում է, դա տեղի է ունենում երեխաների մասնաբաժնի կրճատման հաշվին։
ՀԲ–ն 2020թ.–ին Հայաստանում և մի շարք այլ երկրներում կանխատեսում է աշխատունակ բնակչության մասնաբաժնի նվազում

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում, ինչպես նաև Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում աշխատունակ տարիքի մարդկանց մասնաբաժինը կհասնի գագաթնակետին`գրեթե 65% 2020թ.–ին, ինչից հետո կսկսի նվազել և 2075թ.–ին կհասնի մոտ 55%–ի, նշվում է Համաշխարհային բանկի զեկույցում։

Փաստաթղթում նաև նշվում է, որ նշված երկրներում աշխատունակ տարիքի մարդկանց մասնաբաժինը 2020թ.–ին կհասնի առավելագույն ցուցանիշի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների շրջանում։

«Բնակչության արագ ծերացումը լրջորեն ազդում է աշխատաշուկայի վրա։ Չնայած երկրների մեծամասնությունում 20–65 տարեկան բնակչության մասնաբաժինն աստիճանաբար ավելանում է, դա տեղի է ունենում երեխաների մասնաբաժնի կրճատման հաշվին։ 2020թ.–ին աշխատուժի թիվը կհասնի իր գագաթնակետին տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում, ծերացմանը զուգընթաց աշխատուժը կսկսի կրճատվել` 2040թ.–ին հասնելով 55-58%–ի և 2075թ.–ին` 50-55%–ի, ինչը կանդրադառնա Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի յուրաքանչյուր երկրի բոլոր ոլորտների վրա», – նշվում է զեկույցում։

Իրավիճակը Հայաստանում

Հայաստանի բնակչության թիվը 2019թ.–ի հուլիսի 1–ի դրությամբ նվազել է։ Հայաստանի մշտական բնակչության թիվն ընթացիկ հաշվառման տվյալներով, 2011թ.–ի մարդահամարի հիման վրա, 2019թ.–ի հուլիսի 1–ին կազմել է 2 961,6 հազար մարդ` 2018թ.–ի նույն  ժամանակահատվածի համեմատ նվազելով 8,2 հազար մարդով։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2019թ.–ի առաջին կիսամյակում հանրապետությունում ծնվել է 16 111 երեխա, ինչը 0,9%–ով պակաս է 2018թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում 4,3%–ով աճել է մահացության թիվը` հասնելով 13 790–ի։

2018թ.–ին ՄԱԿ–ի ուսումնասիրության համաձայն, Հայաստանը ներառվում է բնակչության ծերացման արագ տեմպեր ունեցող երկրների թվում, և 20 տարի անց երկրի յուրաքանչյուր 3–րդ բնակիչ կհաղթահարի 60+ շեմը։ 

Այսօր պետության կողմից տարեկան հատկացվում է 2 մլրդ 148 մլն դրամ (մոտ 4,5մլն դոլար) ծերանոցներում տարեցների շուրջօրյա խնամքի համար։ Գործում է նաև տարեցներին բնակարանով ապահովելու ծրագիրը։–0–