ՀԷՑ–ից նշել են, թե որ բաժանորդները չեն հոսանքազրկվի էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելու դեպքում
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./ԱՌԿԱ/. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այսօր հայտարարություն է տարածել` նշելով, թե որ բաժանորդները չեն հոսանքազրկվի էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելու դեպքում։
«Հաշվի առնելով համավարակով պայմանավորված ներկա իրավիճակն ու բաժանորդների սոցիալական խնդիրները՝ Ընկերության սեփականատիրոջ որոշմամբ այն բաժանորդները, ովքեր փետրվար և մարտ ամիսների ընթացքում ունեցել են յուրաքանչյուր ամիս մինչև 10.000 դրամի էլեկտրաէներգիայի սպառում (խոսքը սոցիալապես անապահով խավի մասին է), չեն հոսանքազրկվի», – նշվում է հայտարարության մեջ։
Ընկերությունից, այնուամենայնիվ, հորդորում են բաժանորդներին էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարել ժամանակին՝ չվտանգելով էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքների հուսալի ու անխափան աշխատանքը։
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այսուհետ ևս պատրաստ է քննարկել յուրաքանչյուր առանձին դեպք և համապատասխան հիմնավորումներ ստանալու դեպքում (չվճարումը համարելով ֆորս մաժորի հետևանք) չդադարեցնել բաժանորդի էլեկտրամատակարարումը։ Համավարակի այս ժամանակներում անհրաժեշտ է ծայրահեղ ուշադիր ու պատասխանատու լինել, պահպանել անվտանգության կանոնները, հետևել պարետի ցուցումներին։ Առո'ղջ եղեք։ Շնորհակալություն համագործակցության համար», – նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ ապրիլի 22–ին ՀԾԿՀ–ն հայտնել է, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած` կոչ անելով քաղաքացիներին կատարել կոմունալ վճարումները։
ՀԷՑ–ն իր հերթին հայտնել էր, որ այն բնակիչ-բաժանորդները, որոնք իրենց ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց չեն վճարել կամ վճարել են մասնակի, զգուշացվում են, որ ևս 3 օր վճարումներ չկատարելու դեպքում, ապրիլի 27-ից կհոսանքազրկվեն:–0–